ՀՔԾ-ն ուսումնասիրում է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ու մյուս ոստիկանների հայհոյանքների ու բռնությունների տեսանյութերը

14:18 • 21.07.16

Հատուկ քննչական ծառայությունը դեռ որոշում չի կայացրել ոստիկանների ու ոստիկանապետ Լևոն Երանոսյանի՝ այսօր գիշեր ցուցարարների հանդեպ կիրառած բռնության ու հայհոյանքների առթիվ: Համացանցում տեսանյութեր են տարածվել, թե ինչպես են Խորենացու ցույցը ցրելու ժամանակ ոստիկանները հայհոյում, խփում ու երբեմն նվաստացնում ցուցարարներին:

«Ա1+» հեռուստաընկերությունը նկարահանել է, թե ինչպես է ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը սեռական բնույթի հայհոյանք տալիս ձեռնաշղթաներ հագցրած քաղաքացուն, որին ոստիկանները կռացրած բերման են ենթարկում փողոցում:

Տեսանյութում՝ 01։58 րոպեից 02։01։



Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը Tert.am-ի հարցին, թե ՀՔԾ-ն չի՞ պատրաստվում քրգործ հարուցել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ու ոստիկանների հայհոյանքների ու բռնությունների առթիվ, ասաց. «Հուլիսի 17-ի սկսված ՀՔԾ-ն ուսումնասիրում է ԶԼՄ-ներում տեղ գտած բոլոր հրապարակումները: Բոլոր նյութերն այս պահին ուսումնասիրվում են»:


Հստակեցմանը, թե նաև Լևոն Երանոսյանի հայհոյանքի մա՞սն է ուսումնասիրվում, Ահարոնյանն ասաց. «Դեպքերի վերաբերյալ բոլոր հրապարակումները, որոնք պարունակում են պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու հատկանիշներ, ուսումնասիրվում են»:

Դիտարկմանը, թե այսօր գիշեր կատարվածի վերաբերյալ արդեն ցուցարարների դեմ քրգործ հարուցվել է, մինչ այդ էլ է գործ հարուցվել քննչական կոմիտեում, իսկ պաշտոնյաների հանցագործությունների մասով դեռ քրգործ չի հարուցվել և արդյոք այդտեղ միտում չկա՞, ՀՔԾ խոսնակն ասաց. «Դա ձեր ենթադրությունն է ընդամենը: Նյութերը պետք է ուսումնասիրվեն, դրանից հետո քրեադատավարական որոշումներ պետք է կայացվեն, որի մասին կհատնենք լրացուցիչ»:

Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը դեռ 2 օր առաջ հայտարարել է, որ  «Ազատության հրապարակում 3 օր առաջ տեղի ունեցած խաղաղ հավաքի ընթացքում արձանագրվել են քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր և զանգվածային լրատվության միջոցներով տարածվել են տեղեկություններ խոշտանգման փաստերի վերաբերյալ: Հաշվի առնելով, որ դրանք պարունակել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ մեր կողմից քրեական գործի հարուցման հարցի լուծման նպատակով ուղարկվել են քրեական հետապնդման մարմիններին»: 

Այսօր գիշեր Երևանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից հետո Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Հուլիսի 21-ին՝ ժամը 08-ի դրությամբ, զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով բերման է ենթարկվել 28 անձ, որոնցից 16-ը ձերբակալվել է: 

 

 

                                                                                                                        Մարինե Խառատյան