Մենք պատրաստ ենք այնպես անել, որ փոխզիջումը և օրենքը համընկնեն մեկը մյուսին. Գ. Սահակյանը «Սասնա ծռերի» գործողությունների մասին

17:45 • 22.07.16

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Azatutyun.am-ի հետ զրույցում անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին: Անդրադառնալով շրջանառվող խոսակցությանը, թե հանգուցալուծման տարբերակ կարող է լինել կառավարության հրաժարականը, Գալուստ Սահակյանն ասաց, որ նման երևույթներն ավելի շատ բամբասանքի են նմանվում: «Մենք աշխատում ենք, որ այնպիսի լուծում գտնվի, որի մասին բոլորը նույն կերպ մտածեն»,-ասաց նա և նշեց, որ կառավարության անդամի հանելու գործողություն չի կարող լինել:

«Եթե ճիշտ չլուծենք, դա դեմ դուրս կգա պետությանը: Առայժմ մենք պետք է մտածենք ամեն ինչ անել, որպեսզի պետության դերակատարումն իր տեղում մնա»,-ասաց նա:

Ըստ Գալուստ Սահակյանի՝ ճիշտ լուծման տարբերակն այն է, որ մարդիկ զգան, որ իրենց գործողությունները որոշակիորեն մեծ հույսեր և տրամադրություններ չեն առաջացնում մարդկանց մոտ: «Կարծում եմ դատական կարգով, քաղաքական գործիչներով կորոշենք, որպեսզի պարզ, դրական, մատչելի լինի և՛ հասարակության համար, և՛ իրենց համար»,-ասաց նա և նշեց, որ նման գործողությունները միշտ վերջում փոխզիջման ճանապարհով են գնում:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ զիջման կարող է գնալ իշխանությունը, Գալուստ Սահակյանն ասաց. «Ես՝ որպես իշխանության ներկայացուցիչ, բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, իսկ մինչ այսօր նրանց կողմից չկա որևէ խոսք փոխզիջելու մասին։ Մենք պատրաստ ենք օրենքի շրջանակներում այնպես անել, որ փոխզիջումը և օրենքը համընկնեն մեկը մյուսին»:

«Ամենածանր ողբերգությունը այն էր, որ մարդը, ով կռվել էր ղարաբաղյան շարժման ընթացքում և մասնակցել քառօրյա վերջին պատերազմին, առաջին զոհը դարձավ: Իհարկե, ես չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, համենայնդեպս, սրանք խոսակցություններ են, որ ժողովրդի մեջ այսօր անցնում է, իսկ լուծման ձևը հետևյալն է. ինչպիսի պահանջներ ուզում է լինի, դրանք պետք է իրավական լինեն, ինչ-որ ձևով կարող ենք նաև քաղաքական չափումներ անել  և փորձել խնդիրը լուծել և առաջ գնալ»,-ասաց նա:

Հարցին,թե արդյոք «Սասնա ծռերի» զինված խմբի անդամներն ահաբեկի՞չ են, ԱԺ նախագահն ասաց, որ մոտիկից չի ճանաչում նրանց:  «Համենայնդեպս, մեկ անգամ ես դա տեսել եմ և որևէ մեկը չի կարող այլ պայմաններ առաջադրել: Նույն խոսքերը, նույն մտորումները, նույն դիպվածները կատարվում էին նաև 99 թվականին: Այնպես որ, ես այսօր չեմ ուզում մեղադրել՝ դավաճան են։ Դավաճան չեն։  Պարզապես մտածում եմ, որ այնպիսի լուծում լինի, որ և՛ իրենց ձեռնտու լինի, և՛ հասարակությանը»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ արդեն 6-րդ օրն է, ինչ «Սասնա ծռեր» խումբը գրավել է ՊՊԾ գունդը և պատանդներ է պահում։