Մովսես գյուղի դպրոցի ուղղությամբ ադրբեջանցիների բացած կրակահերթի տվյալները կփոխանցվեն միջազգային կառույցներին.ՄԻՊ
Հայաստանի հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն անդրադարձել է 2016 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշոր տրամաչափի զինատեսակներից ՀՀ Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ կրակ են բացելուն: Կրակը բացվել է գյուղի դպրոցին մոտ գտնվող մարզադաշտում խաղացող 15-20 երեխաների ուղղությամբ:
«Ադրբեջանի զինված ուժերի այս հանցավոր բնույթի նպատակային ոտնձգությունը կոպտորեն խախտում է միջազգային, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դրանք հենց Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում են: Յուրաքանչյուր երեխա կրակոցից կամ ցանկացած այլ ոտնձգությունից ենթակա է հատուկ պաշտպանության: Այդ պահանջը ենթակա է խիստ պահպանության առանձնապես խաղաղ բնակավայրերի, առավել ևս դպրոցների պաշտպանության առումով:
Ադրբեջանական զինված ուժերի այս ագրեսիվ արարքի վերաբերյալ տվյալները, նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու կոնկրետ առաջարկով, կփոխանցվեն Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարներին, ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեին, ինչպես նաև Երեխաների օմբուդսմենների եվրոպական ցանցին»,-ասվում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:










