Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելուն ուղղված աշխատանքը

17:22 • 22.07.16

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատանքը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ. այդ մասին РИА Новости-ին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման հստակ ամսաթիվը հայտնի չէ: Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան ներկայացնող ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կնպաստեն կողմերի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսության շարունակությանը և կշարունակեն աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման համար»,- հայտարարել է Ուորլիքը:

 

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։