Ոստիկանություն–ցուցարարներ բախումներից հետո բուժօգնության դիմած 51 անձանցից 11–ը շարունակում է բուժում ստանալ
Հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը Էրեբունիի շրջակայքում ցուցարարների ու ոստիկանների բախումներից տուժած անձանցից, որոնք դիմել էին հիվանդանոցներ, այսօր բուժում են ստանում 11-ը, որոնցից 6-ը ոստիկաններ են:
Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Խորենացի փողոցում բախումներից տուժածները, հիմնականում, ունեին «սալջարդներ» և «գազային թունավորում» ախտորոշումները, 2 անձ ունեին կոտրվածքներ: Նրանք, հիմնականում, տեղափոխվել էին «Էրեբունի» և «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոններ:
Ինչպես հավելվեց, երեկ՝ «Էրեբունի» ԲԿ-ում օրվա երկրորդ կեսի դրությամբ, կար 6 հիվանդ, սակայն օրվա վերջին նրանց թիվը դարձել էր 7: Ըստ որում, դիմողը ոստիկան է, սակայն ոչ թե վնասվածքներով, այլ նյարդային խանգարման կասկածով:
Հիշեցնենք, բուժհաստատություններ դիմածների հիմնական մասը՝ 25-ը, ոստիկաններ էին։
Հիշեցնենք նաև, որ արդեն 6-րդ օրն է, ինչ «Սասնա ծռեր» խումբը գրավել է ՊՊԾ գունդը և պատանդներ է պահում։










