Եկատերինբուրգի բնակիչը բռնել է շենքի 8-րդ հարկից ընկնող երեխային

14:45 • 05.08.16

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի բնակիչը բռնել է բնակելի շենքի 8-րդ հարկից ընկնող չորս տարեկան երեխային, այս մասին ոստիկանությունը հայտնել է Интерфакс-Урал գործակալությանը:

 

Նշվում է, որ աղջիկը հոսպիտալացվել է գանգուղեղային վնասվածքով և ուսոսկրի փակ կոտրվածքով: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:


Ոստիկանությունը պարզել է, որ օգոստոսի 4-ին կինն իր դստերը մանկապարտեզից տուն է բերել, կերակրել, հեռուստացույցը միացրել և, բոլոր պատուհաններն ու դռները փակելով, աշխատանքի գնացել. նա աշխատում է տան մոտակայքում գտնվող խանութում: Կինն աղջկան բջջային հեռախոս է թողել և ժամանակ առ ժամանակ զանգել է նրան:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ տանը միայնակ մնացած երեխան որոշել է պատուհանից դուրս գալով գնալ իր մոր հետևից, քանի որ բնակարանի դուռը կողպված է եղել: Երբ աղջիկն արդեն պատուհանագոգին է կանգնած եղել, նրան տեսել է բակում շան հետ զբոսնող տղամարդը: Շուտով աղջիկը պատուհանագոգից գլխիվայր ընկել է, սակայն տղամարդուն հաջողվել է նրան բռնել:

 

Գործակալության հաղորդմամբ`Եկատերինբուրգ քաղաքի ներքին գործերի վարչության ղեկավարությունը մտադիր է խիզախության համար պարգևատրել միջադեպի ժամանակ ձեռքի կոտրվածք ստացած տղամարդուն: