«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գրասենյակի մոտակայքում բախվել են «Opel» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները (լուսանկարներ)

05:49 • 06.08.16

Օգոստոսի 6-ին, ժամը 00.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ. Պետրոսյան փողոցում՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ-ի գրասենյակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տ. Պետրոսյան փողոցի 42/2 հասցեի մոտակայքում բախվել են «Սեմա» տաքսի ծառայությանը պատկանող «Opel Astra» մակնիշի 034 OP 61 (վարորդ՝ 1989 թ. ծնված Զ. Ա.) և «Mercedes C230» մակնիշի 30 XX 077 պետհամարանիշներով (վարորդ՝ 1990 թ. ծնված Կ. Գ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C230» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել կանգառում՝ վրաերթի ենթարկելով քաղաքացիների (տվյալները ճշտվում են): «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք, որը մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ պարպվել է:

Փրկարարները վրայերթի ենթարկված քաղաքացիներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, իսկ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Զ. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: