Երևանում Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել (լուսանկարներ)

13:00 • 06.08.16

Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել. այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն,  ՀՀ –ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին Մանկական զբոսայգում տեղադրված Խաղաղության ուխտի հուշաքարի մոտ ներկա են գտնվել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված հիշատակի արարողությանը:

«Հիկարի» կենտրոնի կողմից  կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև պաշտոնատար այլ անձինք, ՀՀ ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ճապոնիայից ժամանած զբոսաշրջիկների խմբի անդամներ, Երևանի բնակիչներ:

Հիշատակի խոսքով հանդես են եկել դեսպան Էյջի Տագուչին և «Հիկարի» կենտրոն ՀԿ նախագահ Կարինե Փիլիպոսյանը: Հայտարարվել է լռության րոպե: Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը ոգեկոչել են «Հիկարի» կենտրոնի փոքրիկ երգչախմբի սաները: Հայերեն և ճապոներեն լեզուներով ընթերցվել են Խաղաղության հայկուներ, որոնք խաղաղության պահպանման յուրօրինակ կոչ են ողջ աշխարհում: Թղթե կռունկներին ամրացված հայկուները տեղադրվել են  զբոսայգում տեղադրված Խաղաղության ուխտի հուշաքարին, որը 2014թ. հենց Հիրոսիմա քաղաքից է բերվել: