Պետք է 7-մղոնանոց քայլեր անեն դեպի ժողովուրդը. Լ.  Շիրինյանը իշխանություն-հասարակություն խզումը հաղթահարելու քայլերի մասին

21:11 • 06.08.16

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի ամփոփ գնահատմամբ` հասարակություն-իշխանություն խզումը վերացնելու համար իշխանությունը ոչ թե պետք է անունով «ազգային համաձայնություն», բայց իրականում հերթական «կոալիցիոն կառավարություն» ձևավորի, այլ «7-մղոնանոց քայլերով գնա դեպի ժողովուրդը»:

Tert.am-ի հետ զրույցում նա թվարկեց. «Վերացնել քաղաքական օտարումը երկրում, դա նշանակում է  ազատել «քաղաքական բանտարկյալներին», առանց բլեֆների և անմիջապես: Երկրորդ՝ անկախության 25-ամյակի  նախօրեին  նախապատրաստվել և համաներում շնորհել, թեպետ կարծում եմ, որ «Սասնա ծռերը» համաներում բառը չեն ընդունելու, քանի որ  նրանք համարում են, որ հանցանք չեն գործել: Բայց, այ, դա կլիներ 7-մղոնանոց քայլ դեպի ժողովուրդը և նրա պրոբլեմը: Երրորդ՝ գնալ բարեփոխումների և գնալ ոչ թե խոսքով, այլ գործով: Կոնկրետ քայլեր անել, ծրագիր մշակել և իրականացնել, հետո էլ չասել, որ կոռուպցիան դարերով պիտի վերացնենք»:

Հիշեցնենք, որ  «ժառանգություն» կուսակցության և «Հիմնադիր խորհրդարանի» քաղաքական թևերի այն ներկայացուցիչները, որոնք հանդիսացել են հանրահավաքների կազմակերպիչներ, նրանց  նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելը:

Հարցին՝ արդյո՞ք այս դեպքերից հետո հասարակության մեջ առկա է հանրային դեպրեսիա, քաղաքագետը բացասական պատասխան տվեց` ասելով. «Դեպրեսիան երևի «Մարտի 1»-ից հետո էր: Հիմա ժողովրդի ազգային գիտակցության մեջ  ահռելի տեղաշարժ կա դեպի հպարտություն և արժանապատվություն»:

Նաև քաղաքագետը հարց հնչեցրեց `«իսկ ինչու իշխանության մեջ եղածները դեպրեսիայի մեջ չե՞ն» ու ինքն էլ պատասխանեց, որ «են»: