Դատապարտյալների հիվանդանոցի լոգարանում 34-ամյա կալանավորն ինքնասպանություն է գործել

14:19 • 06.08.16

Օգոստոսի 5-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի լոգարանում ինքնասպան է եղել 34-ամյա կալանավոր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

«Կալանավորն ինքնասպան է եղել լոգարանում սավանով կախվելու միջոցով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է տարվում՝ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 34-ամյա կալանավորը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, իսկ այս անգամ մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի»,-ասաց Ղլեչյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է կալանավորը տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց, Գոռ Ղլեչյանն ասաց, որ նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց է կիրառվել, բացի այդ, նա ունեցել է առողջական խնդիրներ:

Ղլեչյանը նաև հայտնեց, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով՝ պատիժների համակցությամբ նա դատապարտվել էր 1 տարի ժամկետով ազատազրկման և 360.000 ՀՀ դրամ գումարի չափով տուգանքի: Վերաքննիչ դատարանում դեռևս գործի քննությունը շարունակվում էր: