Սարի թաղում տեղի ունեցած դեպքերով մեղադրանք է ներկայացվել 8 անձի

13:47 • 06.08.16

ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից։

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով օգոստոսի 5-ի դրությամբ որպես մեղադրյալ ներգրավվել է 8 անձ, որոնցից 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 5-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ քրեական գործի շրջանակներում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Նախաքննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք պարբերաբար»,-ասվում է հաղորդագրությունում։