«Մեդիալաբի» ծաղրանկարները գողացել են երևի այն մարդիկ, որոնք շատ են «սիրում» դրանք. Մարիաննա Գրիգորյան
Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը կոտրել են «Մեդիալաբի» ղեկավար Մարիաննա Գրիգորյանի ավտոմեքենայի հետևի ապակին և գողացել բոլորը ծաղրանկարները, որոնք երեկ ավելի վաղ ներկայացվել էին Մաշտոցի պուրակում կազմակերպված քաղաքական ծաղրանկարների ցուցահանդեսին, որը կրում էր «Չ'Արգելված» խորագիրը։
«Մեդիալաբի» ղեկավարը Tert.am–ի հարցին, թե ո՞ւմ է կասկածում իրենց ծաղրանկարները գողանալու մեջ պատասխանեց` հավանաբար, այն մարդիկ, որոնք շատ են «սիրում» «Մեդիալաբի» քաղաքական ծաղրանկարները:
«Անկեղծ ասած… հավանաբար, այն մարդիկ են տարել, որոնք շատ են «սիրում» մեր ծաղրանկարները, և ուզում են ունենալ դրանք, իրենք էլ ցուցահանդես կազմակերպել»,- Tert.am-ի հետ զրույցում հեգնանքով ասաց Մարիաննա Գրիգորյանը:
Հարցին, թե ո՞վքեր են նկարների հերոսները, նա ասաց, որ բոլորին անդրադարձել են, չեն խնայել որևէ քաղաքական դեմքի: Այսինքն` «գործադիր, օրենսդիր իշխանություն, մարզպետներ, տարբեր օդիոզ դեմքեր, բոլոր հայտնի և «հետաքրքիր» ու «արժանի» դեմքերը»:
Մարիաննա Գրիգորյանը հավելեց, որ մեքենայից գողացվել է 107 քաղաքական ծաղրանկար, որոնք վերաբերել են վերջին տասը ամիսներին Հայաստանում տեղի ունեցած հիմնական քաղաքական իրադարձություններին ու քաղաքական դեմքերին: Միակ բացառությանը «Սասնա ծռերի» գործողությունների մոտիվներով ծաղրանկարներն են. Մարիաննան ասում է, որ ծաղրանկարներն արված են, բայց դեռ տպագրված չէին ու ընդգրկված էին օգոստոսի 5-6-7–ի ցուցահանդեսի ցուցանմուշներում:
Նկարները գողանալու իմաստը «Մեդիալաբի» ղեկավարը չի հասկանում, քանի որ նկարներն օրիգինալ չեն, դրանց էսքիզները կան կազմակերպության համակարգիչներում, ինչպես նաև տեղադրված են «Մեդիալաբի» կայքում:
«Այդ ամբողջ արխիվը գոյություն ունի մեր կայքում, հետևաբար, չեմ պատկերացնում` ոնց կարելի էր նման անտրամաբանական քայլ անել, մյուս կողմից, հասկանալի է, որ նպատակը մեզ վախեցնելն է, քանի որ այս տասը ամիսների ընթացքում մենք ակտիվորեն անդրադարձել ենք բոլոր իրադարձություններին, իսկ ծաղրանկարը շատ ազդեցիկ է»,- ասաց նա։
Մարիաննա Գրիգորյանը հասկացել է, որ նախքան գողությունը, իրենց հետևել են, եթե հետևած չլինեին, չէին իմանա, որ նկարները մեքենայի մեջ են: Այսինքն` կոնկրետ հետևել են, իմացել են, կոտրել են ապակին և տարել են:
Դեպքը տեղի է ունեցել երեկ գիշերվա 1-2-ի սահմաններում, ինչից հետո «Մեդիալաբի» ղեկավարը դիմել է ոստիկանություն:
Հիշեցնենք, որ երեկ ցուցահանդեսն անցկացվել էր մայրաքաղաքի Մաշտոցի պուրակում, իսկ նախորդող երկու օրերին` Գյումրիում ու Վանաձորում` կրկին բացօթյա վայրերում: Վանաձորում, օրինակ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմաց, որտեղ, ըստ ցուցահանդեսի կազմակերպչի` մարդիկ շատ ոգևորված ու շատ ուրախացած են եղել:
Մարիաննա Գրիգորյանը նաև ասաց, որ ցուցադրությունները եղել են բացօթյա, քանի որ, օրինակ, Երևանում, դիմել են բոլոր պետական ու մասնավոր հաստատություններին /ներառյալ Նկարիչների միություն և ՆՓԱԿ/ ու մերժվել: Ըստ որում, մերժողները բաց տեքստով ասել են, որ վախենում են քաղաքական ծաղրանկարների համար դահլիճներ տրամադրել:










