Դատարանը հրապարակում է ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանության գործով ցուցմունքները
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների իրավասության դատարանում շարունակում է ընթանալ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը։
Այսօր նիստը մեկնարկեց գործով տուժող Կարեն Բաղրամյանի ցուցմունքի հրապարակմամբ։ Իր ցուցմունքում Կարեն Բաղրամյանը նշել էր, որ Հայկազ Բարսեղյանին ճանաչել է 2014 թվականին, նրա հետ իր հարաբերությունները լարվել են Հայկազ Բարսեղյանի կողմից իր ուղղությամբ կոշիկ նետելուց հետո։ Ցուցմունքի համաձայն՝ Հայկազ Բարսեղյանը յուրաքանչյուր առիթով վիրավորել է Կարեն Բաղրամյանին, հայհոյել է նրան։ Կարեն Բաղրամյանն իր ցուցմունքում նշել էր ևս մեկ դեպք, ասելով, որ երբ ինքը պառկած է եղել քնի ժամին, Հայկազ Բարսեղյանը եկել և ասել է `գնա կինո նայի, ինչից հետո իրենք կրկին վիճել են:
Սպանության դեպքի վերաբերյալ Կարեն Բաղրամյանն ասել է, որ ինքը եղել է անկողնում, երբ Հայկազ Բարսեղյանի մահճակալի մոտ տեսել է Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին: Նրա խոսքով` նրանք ինչ-որ բան են կատարել, իսկ Հայկազ Բարսեղյանը հայհոյել է:
«Ես վախեցած էի, այդ ժամանակ ես զգացի, որ Սահակյան Նորիկը բացեց իմ պահարանի դուռը, հանեց իմ բուշլատի թելերը, իսկ հետո չտեսա թե ինչ արեց դրանք: Նա գնաց Բարսեղյան Հայկազի մահճակալի մոտ, բացեց նրա պահարանի դուռը: Թևոսյան Գնելն ասաց, որ կտրեն բուշլատի թևերի գլխիկները, դրանից հետո ես չեմ տեսել, թե ինչ են արել թելերը, և ինչ էին ուզում անել ընդհանրապես: Երբ փորձում էին Հայկազ Բարսեղյանին դուրս հանել, ես մի թեթև գլուխս դուրս հանեցի, և տեսա, թե ինչպես են նրանք դուրս տանում Հայկազ Բարսեղյանին: Տարված եմ եղել մտքերով, թե ուր են տանում և ինչ են անելու Հայկազի հետ, դրանից տասը րոպե անց քնել եմ»,-իր ցուցմունքում նշել էր Կարեն Բարսեղյանը:
Կարեն Բաղրամյանը նաև նշել է, որ Հայկազ Բարսեղյանը բոլորի հետ նորմալ հարաբերություններ է ունեցել: Կարեն Բարսեղյանն իր երկրորդ ցուցմունքում ավելացրել է, որ գիշերը, երբ Հայկազ Բարսեղյանի մոտ եղել են վերը նշված չորս անձինք, ինքը նաև փսխոցի ձայն է լսել.«Հայկազ Բարսեղյանը փսխեց նաև, ինչից հետո Վաչեն ասաց` մեռավ, ինչին պատասխանեցին` չէ, հա»:
Քննիչի հարցին, թե 2014 թվականի հունվարի 28-ին ինչ-որ միջադեպ գրանցվե՞լ է Հայկազ Բարսեղյանի և Կարեն Բաղրամյանի միջև, վերջինս պատասխանել է, որ սենյակը հավաքելու հարցով իրենք կրկին վիճել են:
«Մենք վիճեցինք, ինչից հետո ես ասացի` գնամ ինձ գցեմ, որ քեզանից պրծնեմ, ինչին Հայկազը պատասխանեց, որ այդ պատճառով կարող են իրեն «փուռը» տալ: Ես Հայկազին պատասխանեցի, որ գցելուց առաջ նամակ կգրեմ, որ ոչ ոք մեղավոր չէ»:
Դատական նիստը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության, Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ , խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադի Բարսեղյանին:
Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:










