«Սասնա ծռերին» սնունդ տարած Արթուր Սարգսյանի մեղադրանքը փոխվել է, խափանման միջոցը` ոչ. փաստաբան

15:19 • 09.08.16

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին հաց տարած Արթուր Սարգսյանի մեղադրանքը փոխվել է, խափանման միջոց կալանավորումը` ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը:

«Արթուր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):  Նրան առաջադրվել էր նույն մեղադրանքը, ինչպես «Սասնա ծռեր» խմբի անդամներին, իսկ օգոստոսի 4-ից հետո  նա մեղադրվում է այդ հոդվածներով նախատեսված արարքներին օժանդակելու համար»,- ասաց նա:


Փաստաբանի խոսքով` Արթուր Սարգսյանը կալանավորված է  նախկին մեղադրանքի համար, այնինչ՝ մեղադրանքը փոխվելուն պես, պետք է փոխվեր նաև խափանման միջոցը:


Տիգրան Եգորյանը հայտնեց, որ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել դատարանի որոշումը բողոքարկելու համար: