Հնդկուհին պատրաստվում է 16 տարվա հացադուլից հետո առաջին անգամ ինքնուրույն սնվել

14:44 • 09.08.16

Հնդկաստանի Մանիպուր նահանգում իշխանական բռնության դեմ դիմակայության կենդանի խորհրդանիշը` Իրոմ Չանու Շարմիլան, պատրաստվում է այսօր դադարեցնել 16 տարի տևած հացադուլն ու առաջին անգամ ինքնուրույն հաց ուտել:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, հնդկուհին, ում հաճախ կոչում են «Հնդկաստանի երկաթե լեդի», մտադիր է զբաղվել քաղաքականությամբ ու ընտանիք կազմել:

 

Քառասունչորսամյա ակտիվիստը  նշել է, որ դադարեցնում է հացադուլը, քանի որ այլևս չի հավատում, որ չսնվելով կարող է ինչ-որ բան փոխել Մանիպուրի իշխանությունների հարցում:

 

Հայտնի է, որ հնդկուհին հացադուլը սկսել է 2000թ., երբ 28 տարեկան էր: Իր գործողություններով Շարմիլան ցանկացել է հասնել նրան, որպեսզի իշխանությունները զինված ուժերին զրկեն հատուկ լիազորություններից, որոնց իրագործման ժամանակ շատ հաճախ խաղաղ բնակիչներ են զոհվում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Շարմիլան երդվել է ոտք չդնել իր տուն, քանի դեռ նահանգային իշխանությունները չեն չեղարկել Զինված ուժերին հատուկ լիազորությունների տրամադրման վերաբերյալ ակտը:

 

Հայտնի է, որ անցած 16 տարվա ընթացքում հնդկուհին պահվել է Իմփհալ քաղաքի հիվանդանոցներից մեկում, որտեղ քթային կատետրի միջոցով հեղուկ սնունդ է ընդունել: