Լոնդոնում հարբած անծանոթը ներթափանցել է թագավորական պալատի տարածք
Լոնդոնի ոստիկանությունն Էլիզաբեթ 2-րդ թագուհու նստավայրի` Բուքինգհեմյան պալատի տարածքում ձերբակալել է մի անծանոթի, ով ապօրինաբար ներթափանցել է տարածք:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, հարցաքննության արդյունքում պարզվել է, որ 22-ամյա երիտասարդը ներթափանցել է պալատի տարածք` անցնելով պարսպի վրայով:
Սքոթլենդ Յարդի փոխանցմամբ՝ տեղի ունեցածը որևէ կապ չունի ահաբեկչության հետ, քանի որ երիտասարդի մոտ որևէ զենք չի հայտնաբերվել: Իրավապահները հավելել են նաև, որ ձերբակալվածը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
Հայտնի է, որ միջադեպի ժամանակ թագավորական ընտանիքի անդամներից որևէ մեկը պալատում չի գտնվել:
Աղբյուրը մանրամասնում է, որ Բուքինգհեմյան պալատ ներթափանցման ամենահայտնի դեպքը գրանցվել է 1982թ., երբ ոմն Մայքլ Ֆագանին հաջողվել է հասնել մինչև թագուհու ննջասենյակ ու միապետի հետ զրուցել մոտ 10 րոպե:










