Սմոլենսկում հազվագյուտ ավտոմեքենան վերանորոգելու փոխարեն որպես մետաղի ջարդոն են հանձնել
1960 թվականի արտադրության ГАЗ-21 ավտոմեքենայի տերն այն թողել է Սմոլենսկ քաղաքի վերանորոգման սրահներից մեկում, սակայն փոխադրամիջոցն ընկել է մետաղի ջարդոնի ընդունման կետ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Ներքին գործերի նախարարության տարածաշրջանային կառավարման կայքում տեղադրված հայտարարությանը:
Նշվում է, որ ավտոմեքենայի տերը ոստիկանություն է դիմել իր սեփականության կորստի վերաբերյալ դիմումով: Ինչպես պարզել են իրավապահ մարմինների աշխատակիցները` վերանորոգման նպատակով հանձնված փոխադրամիջոցը որոշ ժամանակ գտնվել է հասարակ ավտոտնակ հանդիսացող սրահում, այնուհետև անհետացել է: Վերանորոգման սրահի տերը չի կարողացել բացատրել սեփականատիրոջը, թե որտեղ է նրա ավտոմեքենան, և վերջինս ոստիկանություն է դիմել: Դիմումի մեջ տուժածն իրեն հասցված վնասը գնահատել է 97 հազար ռուբլի:
Աղբյուրը մանրամասնում է, որ հետաքննության ընթացքում հարցաքննման են ենթարկվել նաև մետաղի ջարդոնի ընդունման կետերի աշխատակիցները: Նրանցից մեկը հիշել է, որ ինքը նմանատիպ ավտոմեքենա է ընդունել, և այն արդեն հասցրել են վերամշակել: Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ ավտոմեքենան որպես մետաղի ջարդոն է հանձնել ավտոմեքենան վերանորոգել խոստացած աշխատակցի բարեկամը:
Կայքը գրում է, որ քննիչները ՌԴ քրեական օրենսգրքի 160 հոդվածի 1-ին կետի («Յուրացում կամ վատնում») համաձայն քրեական գործ են հարուցել: Հոդվածով սահմանված առավելագույն պատիժը կազմում է մինչև 2 տարի ժամկետով ազատազրկում: Կասկածյալը` Սմոլենսկի 23-ամյա բնակիչը, ով ավելի վաղ դատվել է գողության համար, ազատ է արձակվել՝ երկրից չբացակայելու ստորագրությամբ:










