«Շերեմետևո» օդանավակայանում ուղևորն իր անհաջող կատակի պատճառով բաց է թողել չվերթը

15:10 • 13.08.16

Մոսկվա-Խաբարովսկ չվերթի ուղևորը բաց է թողել իր ինքնաթիռի մեկնումը՝ անհաջող կատակի պատճառով, հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը։

 

Միջադեպը գրանցվել է օգոստոսի 12-ին «Շերեմետևո» օդանավակայանի D տերմինալում նախաչվերթային ստուգման ընթացքում:

 

Ինտրոսկոպի օպերատորը կասկածելի առարկաներ է հայտնաբերել ճամպրուկներից մեկում: Անվտանգության աշխատակիցների հարցին, թե ճամպրուկում ինչ կա, ուղեբեռի տերը պատասխանել է, թե այնտեղ տրոտիլ է: Անշուշտ, կանչվել են ոստիկանության աշխատակիցներ, տղամարդուն տարել են հերթապահ մաս։

 

Ուղեբեռի ստուգումից հետո պարզվել է, որ դրանում պայթուցիկ չկա: Տրոտիլի առկայության մասին իր հայտարարությունը տղամարդը բացատրել է նրանով, որ երկար թռիչքից հետո շատ հոգնած է եղել, նյարդայնացել է նախքան մյուս ճանապարհորդությունը սկսելը:

 

Ստուգումների պատճառով տղամարդը, բնականաբար, չի հասցրել իր չվերթին: Ավելի ուշ նա մեկ այլ օդանավով մեկնել է Խաբարովսկ: