Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաք-համերգ

20:45 • 14.08.16

Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաք-համերգ՝ ի աջակցություն հուլիսին Երևանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված և ավելի ուշ իրավապահներին հանձնված «Սասնա ծռեր» խմբի անդամների։

Մինչև համերգը սկսելը առաջարկվեց ցավակցություն հայտնել Գագիկ Մկրտչյանի հարազատներին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին մահացել էր ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը, ով հուլիսի 17-ին` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով ծանր վիրավորում էր ստացել, հետագայում ենթարկվել չորս վիրահատության և այդպես էլ գիտակցության չէր եկել։

Ինչպես նշեց ելույթ ունեցողներից Արեգ Նազարյանը՝ համերգի խորագիրն է «Հայաստանն առանց քաղաքական բանտարկյալների»։  

«Իրենք ընդամենը ուզում էին մեր տանը, որում խախտված է ամեն ինչ՝ կարգը, դրվածքը բնականոն կյանքի ընթացքը, ուղղակի ուզում էին շտկել այդ ամենը»,-հայտարարեց նա և հավելեց. «Այսօր թող լռեն թնդանոթները, և հնչի երաժշտությունը»։


Հիմնադիր խորհրդարանի անդամ, հուլիսյան դեպքերից հետո կալանավորված և այնուհետ ազատ արձակված Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ այսօր՝ ներկա Հայաստանում, իրենք պետք է ստեղծեն վաղվա Հայաստանը։ 

Ելույթ ունեցան երաժիշտներ Արեգ Նազարյանը, Վախթանգ Հարությունյանը, Ռուբեն Հախվերդյանը։