«Բոկո Հարամը» հրապարակել է առևանգված աշակերտուհիների մասնակցությամբ նոր տեսանյութ
Նիգերիայի տարածքում գործող «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է նոր տեսանյութ, որում երևում են ավելի վաղ առևանգված դպրոցական աղջիկները:
Ինչպես նշում է The Independent-ը, ահաբեկիչները պահանջել են իշխանություններից ազատ արձակել ձերբակալված գրոհայիններին, ինչից հետո միայն նրանք բաց կթողնեն աղջիկներին:
Աղբյուրը մանրամասնում է, որ տեսանյութում երևում է գլխաշոր կրող մոտ հինգ տասնյակ աշակերտուհի, ովքեր առևանգվել էին ավելի քան երկու տարի առաջ:
Հայտնի է, որ Չիբոկ բնակավայրի վրա 2014թ. ապրիլին տեղի ունեցած հարձակման հետևանքով առևանգվել է 276 աշակերտուհի, որից 57-ին հաջողվել է փախչել:
Վերջինների խոսքով՝ իսլամիստ ահաբեկիչներն այլ կրոնի ներկայացուցիչներին ստիպել են իսլամ դավանել, իսկ առևանգված մյուս աղջիկներին ստիպողաբար ամուսնացրել են «Բոկո Հարամի» անդամների հետ:










