Հայկական կողմը բանակցում է Ադրբեջանի հետ՝ 62-ամյա արարատցուն վերադարձնելու համար
Հայկական կողմը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բանակցում է ադրբեջանական կողմի հետ՝ Ադրբեջանում հայտնված Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ, 62-ամյա Հենրիկ Աղեկյանին հնարավորիս շուտ վերադարձնելու ուղղությամբ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
«Բանակցություններն ընթանում են, բայց ոչ մի նորություն չեմ կարող հայտնել: Այս պահի դրությամբ հայ քաղաքացու վերադարձի հետ կապված նորություն չկա։ Աշխատում ենք քայլեր ձեռնարկել մեր հայրենակցին հնարավորիս շուտ Հայաստան վերադարձնելու համար»,- ասաց Կապրիելյանը:
Նրա խոսքով՝ իրենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ են բանակցում, քանի որ ադրբեջանական կողմն արդեն 5 տարուց ավելի է հրաժարվում է ուղիղ բանակցություններ վարել Հայաստանի հետ:
Նշենք, որ շուրջ 7 օր անհետ կորած համարվող Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ, 62-ամյա Հենրիկ Աղեկյանը հոգեկան խնդիրներ ունի և նախկինում ևս օրերով կորել է տանից, անգամ փորձել է հատել հայ-ադրբեջանական սահմանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Այգեպատի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը:










