Հանչժոուի իշխանությունները G20-ի անցկացման ժամանակ կարգելեն բեռնատարների մուտքը քաղաք
Սեպտեմբերի սկզբին G20 գագաթաժողովը հյուրընկալող չինական Հանչժոուի իշխանությունները միջոցառման անցկացման օրերին կարգելեն բեռնատարներին մուտք գործել քաղաք:
Ինչպես նշում է ria.ru-ն, արգելքը, որը տևելու է օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 6-ը ներառյալ, վերաբերելու է նաև տրակտորներին:
Աղբյուրը հավելում է, որ քաղաքային իշխանությունները տվյալ ժամանակահատվածում կարգելեն նաև Հանչժոու մտնել զենք-զինամթերք, պիրոտեխնիկա, թունավոր քիմիկատներ ու ռադիոակտիվ նյութեր տեղափոխող մեքենաներին:
Բացի այդ, կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ քաղաքի փողոցներում մեքենաների հոսքը թեթևացնելու նպատակով:
G20 գագաթաժողովն անցկացվելու է սեպտեմբերի 4-5-ը: Դրա առանցքային թեման է լինելու «Նորարարական, առողջ, փոխկապակցված ու ներառական համաշխարհային տնտեսության կառուցումը»:










