ՍԴ-ն կքննի Պավլիկ Մանուկյանի ու Վարուժան Ավետիսյանի դիմումը. պատասխանող կողմ է ներգրավված ԱԺ-ն
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը Սահմանադրական դատարանում վիճարկում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ-ում դիմողների ներկայացուցիչներից Դավիթ Գյուրջյանը:
«Պավլիկ Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը նախորդ տարվա ապրիլի դեպքերից հետո, իրենց կալանքի հարցը Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում առանց իրենց մասնակցության դռնփակ նիստ անցկացնելուց հետո, մարտ ամսին դիմել են ՍԴ, որ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը:Պահանջում են նաև հակասահմանադրական ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասը, երբ խափանման միջոցն ընտրվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ»,- ասաց փաստաբանը:
Փաստաբանը հայտնեց, որ չնայած այն հանգամանքին, որ Վարուժան Ավետիսյանն ու Պավլիկ Մանուկյանը կալանքի տակ են գտնվում, ՍԴ-ն կարող է դիմումը քննել նաև նրանց բացակայության պայմաններում.«Դատաքննությունը պետք է տեղի ունենար հուլիսի 26-ին, իսկ այժմ հետաձգվել է մինչև սեպտեմբերի սկիզբ»:
Նշենք, որ որպես պատասխանող կողմ ներգրավված է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած Ազգային ժողովը: ՍԴ-ում դիմողների ներկայացուցիչներն են փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Դավիթ Գյուրջյանը:
Հիշեցնենք, որ 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում 2015թ. ապրիլի 7-ին ձերբակալվել էին «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուգասզյանը և Պավլիկ Մանուկյանը:










