Ֆրանսիայում հրավառությունն ահաբեկչության հետ են շփոթել. առաջացած խուճապից 40 մարդ է վիրավորվել

12:29 • 15.08.16

Առնվազն 40 մարդ է վիրավորվել Ֆրանսիայի հարավում հրավառության պայթյուններից առաջացած խուճապի պատճառով։ Անցորդներին հրավառության պայթյունների ձայնն ահաբեկչության պայթյուն է թվացել, հայտնում է Europe 1 ռադիոկայանը։

 

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը՝ տեղի ժամանակով մոտ 22:30-ին, Անտիբ կոմունայի Ժուան-լե-Պեն քաղաքում։

 

Անհայտ անձինք ավտոմեքենայի միջից մի քանի հրավառություն են արձակել։ Անցորդները պայթյունների ձայնն ահաբեկչության հետ են շփոթել։ Հրշեջներն օգնություն են տրամադրել դեպքի վայրում տուժածներին։

 

«Դա համատարած խուճապ էր, կանայք լացում էին, որոշ մարդիկ կորցրել էին գիտակցությունը, բոլորը դեմքերը գետնին պառկել էին սեղանների տակ։ Մարդիկ փողոցից ներս էին մտնում զուգարաններում և բարի հետևում թաքնվելու համար՝ բացականչելով. «Ահաբեկչություն է, ահաբեկչություն»»,- հայտնել է ռեստորաններից մեկի սեփականատերը։

 

Ոստիկանությունն ուսումնասիրում է տեսահսկման խցիկների ձայնագրությունները՝ միջադեպի հնարավոր մեղավորներին հայտնաբերելու համար։