Հեմինգուեյի ժառանգներին են վերադարձվել նրա տանից գողացված եղջյուրները
Լրագրող և գրող Հանթեր Ս. Թոմփսոնի այրի Անիտան Էռնեստ Հեմինգուեյի ժառանգներին է վերադարձրել եղջերուի եղջյուրները, որոնք իր ամուսինը գողացել էր 1964-ին գրողի կալվածքից, գրում է The Guardian-ը:
Անիտա Թոմփսոնի խոսքով, իր ամուսինն այցելել է Հեմինգուեյի կալվածք Քեթչում քաղաքում 1964-ին՝ 3 տարի անց այն բանից հետո, երբ գրողը ինքնասպանություն էր գործել: Այցի նպատակը եղել է «Ի՞նչն է ստիպել Հեմինգուեյին գնալ Քեթչում» խորագրով էսսեի համար նյութեր հավաքելը:
Թոմփսոնը վստահեցնում է, որ իր ամուսինը գրողի տանն այնպես է ոգևորվել, որ չի կարողացել զսպել իրեն չգողանալ եղջյուրները, որոնց մասին հիշատակում է իր էսսեում: Լրագրողը մտադիր է եղել եղջյուրները կախել իր ավտոտնակում, սակայն ամբողջ կյանքում ամաչել է իր արարքի համար և ցանկացել վերադարձնել այն գրողի ժառանգներին:
Ինչպես և Հեմինգուեյը, Թոմփսոնը նույնպես ինքնասպանություն է գործել: Նա գնդակահարել է իրեն 2005թ. փետրվարի 20-ին:










