Կանադական հատուկ նշանակության ջոկատն օգնել է քրդերին Մոսուլի ազատագրման գործողության պլանավորման հարցում

17:03 • 16.08.16

Կանադական զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումն աջակցություն է տրամադրել Իրաքի քրդերին Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության պլանավորման հարցում:

 

Մոսուլն Իրաքի տարածքում վերջին խոշոր բնակավայրն է, որ շարունակում է մնալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ: Այդ մասին հայտնել է կանադական CTV հեռուստաալիքը:

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ հատուկջոկատայիններն անմիջական հարևանությամբ են եղել Մոսուլից, բայց չեն մասնակցել մարտական գործողություններին և կորուստներ չեն կրել: Նրանք հետևել են մարտերին և խորհուրդներ տվել դրանց ընթացքում:

 

Վերջին օրերին, ինչպես ավելի վաղ նշել են տեղի ԶԼՄ-ները, քրդերի ստորաբաժանումները պատրաստել են Մոսուլի վրա գրոհը: Օգոստոսի 14-ին նրանք հաջող հարձակում են իրականացրել քաղաքի արևելքում, որի ընթացքում ԻՊ-ի գրոհայիններից ազատագրել են Մոսուլի մոտ գտնվող ինը բնակավայր: Նույն օրն Իրաքի զինվորականները սկսել են Մոսուլի հարավից գրոհը և ազատագրել երկու փոքր բնակավայր:

 

Մոսուլի վրա հարձակումն Իրաքի բանակի և քրդերի համատեղ գործողությունն է, որն անցկացվում է այդ քաղաքի ազատագրման նպատակով, այն փաստացիորեն դարձել է Իրաքում ԻՊ-ի մայրաքաղաքը: Ավելի քան 500 հազար բնակչությամբ քաղաքն ԻՊ-ի գրոհայինների հսկողության տակ է անցել 2014 թվականի հունիսի 10-ին: