Guccifer 2.0 կեղծանունով հանդես եկող հաքերն ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նոր փաստաթղթեր է հրապարակել
Guccifer 2.0 կեղծանունով հանդես եկող հաքերը համացանցում հրապարակել է նոր փաստաթղթեր, որոնք ձեռք է բերել Կոնգրեսի ընտրությունների հարցերով հանձնաժողովի տվյալների համակարգը կոտրելու արդյունքում, հայտնում է Politico-ն։ Նշենք, որ այս հանձնաժողովը, մասնավորապես, դրամահավաքությամբ է զբաղվում Կոնգրեսում տեղ գտնելու համար պայքարող դեմոկրատների համար։
«Սրանք Կոնգրեսի ընտրությունների հարցերով հանձնաժողովի փաստաթղթերն են, որոնք վերաբերում են Ֆլորիդային՝ նյութեր, գրառումներ, դոսյեներ և այլն... Դուք կարող եք տեսնել՝ ում օգտին եք պատրաստվում քվեարկել»,- թերթը մեջբերել է հաքերի հայտարարությունը։
Այս նյութերը թույլ են տալիս իմանալ ռազմավարությունը, որը կիրառվում է կուսակցության կողմից հաղթանակի հասնելու համար։
Ավելի վաղ Guccifer 2.0 կեղծանունով հանդես եկող հաքերը համացանցում տեղադրել էր ԱՄՆ Կոնգրեսի 193 դեմոկրատ անդամների անձնական տվյալները։ Նա հրապարակել էր կոնգրեսականների կոնտակտային տվյալները, մասնավորապես՝ հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները, ինչպես նաև՝ դեմոկրատների ներքին փաստաթղթերը։
«Նոր բացահայտումների ժամանակն է»,- գրել էր նա իր կայքում։










