ՊՆ ավտոմեքենայի վթարից տուժած 2 զինծառայող շարունակում է բուժումը «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում (տեսանյութ)
Օգոստոսի 15-ին ՊՆ մեքենայի վթարից տուժած 16 զինծառայողներից 2-ը՝ Արթուր Միրոզյանն ու Տիգրան Սմոլնիկովը, շարունակում են գտնվել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ։
«Երկուսի վիճակն էլ կայուն է, ինձ թվում է՝ մեկ-երկու օրից հետո մենք իրենց կուղարկենք հոսպիտալ»,- Tert.am-ի և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների հետ զրույցում ասաց կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը։
Տուժած զինվորներին նկարահանել թույլ չտվեցին, բայց Սիսիանում ծառայող կրտսեր սերժանտ Տիգրան Սմոլնիկովը պատմեց, սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության հռչակման օրվա միջոցառումներին մասնակցելու համար են իրենց բերել Երևան, դեպքը տեղի է ունեցել մեքենայի թափ տալու հետևանքով, որից հետո ավտոմեքենան կողաշրջվել է ու գլորվել։
Զինվորի խոսքով՝ իրենց առաջին օգնություն են ցույց տվել և հիվանդանոց տեղափոխել անցորդները, իսկ նրա հայրը, ով չցանկացավ ներկայանալ, դժգոհեց, որ դեպքից հետո Պաշտպանության նախարարությունից որևէ մեկը չի այցելել զինվորին, չի հետաքրքրվել նրա առողջական վիճակի մասին։
Իսկ Տիգրան Սմոլնիկովի տատիկը՝ տիկին Սուսաննա, նշեց, որ ինքը ոչ մեկին չի մեղադրում կատարվածի համար, «դեպք է, պատահել է»։
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գտնվող երկու զինվորների հարազատներն էլ նշեցին, որ գոհ են բժիշկների վերաբերմունքից։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 15-ին, Երևանի Հյուսիսային ավտոկայանի մերձակայքում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտ վթարի էր ենթարկվել ՊՆ հաշվեկշռում գտնվող և զինծառայողներ տեղափոխող Sadko մակնիշի ՊՆ 8699 Շ համարանիշի ավտոմեքենան. վթարի հետևանքով տուժել է 16 զինծառայող:
Զինվորների առողջական վիճակի մասին մանրամասները՝ տեսանյութում։










