Մեքսիկայում թանկարժեք ռեստորանից այցելուների են առևանգել

09:07 • 16.08.16

Մեքսիկական Պուերտո Վալյարտա քաղաքում զինված անձանց խումբն առևանգել է թանկարժեք ռեստորանի առնվազն տասը այցելուի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի զբոսաշրջային հատվածում՝ գլխավոր փողոցում, ժամը մոտ 13։00-ին:

 

Ինչպես հայտնում են ականատեսները՝ զինված տղամարդիկ եկել են երկու ամենագնացով: Նրանք մտել են ռեստորան և հրահանգել մարդկանց խմբին նստել իրենց մեքենաները, ինչից հետո հեռացել են նրանց հետ:

 

Կրակոցների մասին չի հաղորդվում: Չի հաղորդվում նաև հարձակման շարժառիթների մասին:

 

Նահանգի ոստիկանությունը հետաքննություն է վարում, բայց դեռ տեղի ունեցածի մանրամասները քիչ հայտնի են: Չի հաղորդվում նաև առևանգվածների հստակ թիվը: Որոշ տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ դա կարող է լինել մինչև 16 մարդ:

 

Այժմ ոստիկանությունը որոնում է չորս կանանց, որոնց, ինչպես ենթադրվում է, հաջողվել է փախչել հանցագործներից: