Պուտինը շնորհակալություն է հայտնել Նազարբաևին ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնմանը նպաստելու համար
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտությամբ է ընդգծել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դերը ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, հայտնում է РИА Новости-ն:
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ ձեռնարկած ջանքերի համար, նկատի ունեմ Ձեր միջնորդական առաքելությունը: Ինչպես տեսնում ենք՝ դրանք հաջողությամբ են պսակվել»,- ասել է Պուտինը Սոչիում Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ:
Ղազախստանի նախագահը նշել է, որ ուրախ է եղել օգնել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:
Երկկողմ հարաբերություններում ճգնաժամից հետո առաջին հանդիպումը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև կայացել է Սանկտ Պետերբուրգում՝ օգոստոսի 9-ին: Կողմերը պայմանավորվել են ոչ միայն վերականգնել առևտրատնտեսական համագործակցության նախկին մակարդակը, այլև ավելացնել այն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։










