Գուցե համոզված են, որ ընտրվելու եմ ես․Վեդիի քաղաքապետը սպասվող ընտրություններում մրցակից չունենալու մասին

16:38 • 16.08.16

Հնարավոր է հետո նոր թեկնածուներ առաջադրվեն, առայժմ միայն ես եմ թեկնածություն դրել. Tert.am-ի հետ զրույցում խոսելով Արարատի մարզի Վեդի քաղաքում սպասվող քաղաքապետի ընտրությունների մասին՝ ասաց գործող քաղաքապետ և սեպտեմբերի 18-ի ընտրություններում առայժմ գրանցված միակ թեկնածու Վարուժան Բարսեղյանը:

Արդեն 6-րդ անգամն է նա իր թեկնածությունն է առաջադրում քաղաքապետի պաշտոնում, նախորդ հինգ ընտրություններում հաղթել է․«Կարծում եմ, որ Վեդի քաղաքում ինձ հասարակությունը դրական, նորմալ է ընդունում, որ չընդունեին, չէի էլ առաջադրվի»,-ասաց նա:

Վարուժան Բարսեղյանը նշեց, որ ինքը իր պաշտոնավարման ընթացքում առավել շատ ծառայություն է իրականացնում, խնդիրներ է լուծում․«Ասում են՝ տեղական ինքնակառավարման իշխանություն, բայց դա չի նշանակում, որ իշխանավոր ենք»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ է կարծում՝ ինչո՞ւ է միայն ինքն առաջադրվել քաղաքապետի պաշտոնում, հնարավո՞ր է՝ այլ թեկնածուներ էլ լինեն, պատասխանեց․ «Ախր ես ի՞նչ իմանամ․․․ Գուցե վստահությունն է խնդիրը կամ համոզված են, որ տրամաբանորեն ընտրվելու եմ ես կամ իրենց շանսը քիչ է, չեն առաջադրվում: Թե չէ ցանկություն ունեցողներ շատ կան, որ էսօր ուզեն աշխատել, որ գիտեն՝ համայնքի ղեկավար աշխատելը հետաքրքիր է, ստեղծագործական աշխատանք է ավելի շատ, ակտիվ հասարակական աշխատանք է: Նոր տրամաբանություն, նոր տրամադրություններ է առաջացնում»:

Վարուժան Բարսեղյանին քաղաքապետի պաշտոնի ընտրություններում Հանրապետական կուսակցությունն է առաջադրել, այս առթիվ քաղաքապետն ասաց․ «Շատ լավ հույսեր է ինձ հետ կապում Հանրապետական կուսակցությունը, ես կուսակցության անդամ եմ 1997 թվականից և լինելով այդ կուսակցության անդամ՝ ինձ կուսակցությունն էլ առաջադրում է»:

Խոսելով Վեդի քաղաքում եղած խնդիրների մասին, որոնք պետք է լուծվեն պաշտոնավարման հնարավոր 6-րդ շրջանում, Վարուժան Բարսեղյանն ասաց․«Որոշակի ճանապարհաշինություն կա, ջրամատակարարման համակարգի հետ կապված խնդիրներ, ոռոգման համակարգն է անմխիթար վիճակում և այլն»:

Հարցին՝ արդյո՞ք հետաքրքիր է մասնակցել ընտրություններին միայնակ, երբ մրցակցություն չկա, թեկնածուն պատասխանեց․ «Չէ, հետաքրքիր չէ, ցանկալի է, որ մրցակցություն լինի: Դա որոշակի իրավիճակ է առաջացնում, որ նաև ինքդ գնահատական ես տեսնում: Չնայած սենց էլ գնահատական տեսնում ես, բայց ցանկալի է, որ մրցակցություն լինի: Ես հինգ ընտրություններում ընտրվելու պարագայում երեք անգամ շատ լուրջ մրցակցությունում եմ հաղթել»: