Ասանժը խնդրում է ԱՄՆ դատախազությանը բացատրել, թե ինչու Wikileaks-ի գործը մինչև հիմա դեռ չի փակվել

16:57 • 16.08.16

WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանը նամակ կուղարկի ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետա Լինչին՝ խնդրելով բացատրել, թե ինչու ԱՄՆ ազգային անվտանգությանը վնաս հասցնելու գործով իր կազմակերպության նկատմամբ հետաքննությունը շարունակվում է արդեն վեց տարի, մինչդեռ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի գործը փակվել է ընդամենը մեկ տարի անց: Այդ մասին Ասանժը հայտնել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

«ԱՄՆ արդարադատության նախարարությունը, հավանաբար, որոշակի նոր ստանդարտ է սահմանել՝ փակելով Հիլարի Քլինթոնի գործը: Դրա հետաքննությունը մեկ տարի է տևել և փակվել է այն հիմքով, որ Քլինթոնը մտադրություն չի ունեցել վնաս հասցնել ԱՄՆ ազգային անվտանգությանը»,- հայտարարել է Ասանժը:

 

Նա նշել է, որ WikiLeaks-ը նույնպես «մտադրություն չի ունեցել» վտանգի տակ դնել ԱՄՆ ազգային անվտանգությունը և «որևէ լուրջ վնաս չի հասցրել»:

 

Հիշեցնենք, որ Քլինթոնը, լինելով ԱՄՆ պետքարտուղար, օգտագործել է չպաշտպանված մասնավոր սերվերները ծառայողական նամակագրության, այդ թվում՝ գաղտնի նամակագրության համար: Դա արգելված է օրենքով, այդ փաստի առթիվ ԱՄՆ-ում հետաքննություն էր սկսվել: