BBC-ն «Լևիաթանը» ներառել է 21-րդ դարի լավագույն ֆիլմերի ցանկում
Բրիտանական BBC հեռուստառադիոընկերությունը հրապարակել է 21-րդ դարի լավագույն ֆիլմերի իր ցանկը, որում ներառել է ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի երկու կինոժապավեն, հաղորդում է РИА Новости-ն:
Նշվում է, որ հեռուստաալիքի ֆիլմացանկը գլխավորել է Դևիդ Լինչի «Մալհոլանդ Դրայվը» (2001 թ.), երկրորդ տեղը զբաղեցրել է Վոնգ Կարվայի «Սիրային տրամադրությունը» (2000 թ.), իսկ երրորդ տեղում հայտնվել է Փոլ Թոմաս Անդերսոնի «Նավթ» դրաման (2007 թ.):
Աղբյուրը մանրամասնում է, որ հեռուստաալիքը Զվյագինցևի աշխատանքներից առանձնացրել է «Լևիաթան» և «Վերադարձ» դրամաները, որոնք զբաղեցրել են ցանկի 47-րդ և 80-րդ տեղերը համապատասխանաբար:
Ցուցակում տեղ են գտել նաև Միշել Գոնդրիի «Մաքուր մտքի հավերժական փայլը», Քոեն եղբայրների «Ծերուկներն այստեղ տեղ չունեն», Միխայել Հանեքեի «Սպիտակ ժապավենը», Ժան Պիեր Ժյոնեի «Ամելին», և այլ ֆիլմեր:










