Թուրքիայում համշենահայերի հայտնի «Վովա» երաժշտական խմբի անդամները սպառնալիքների են ենթարկվում

10:13 • 26.08.16

Թուրքիայում համշենահայերի հայտնի «Վովա» երաժշտական խմբի անդամները տարբեր սպառնալիքների են ենթարկվում՝ մեղադրվելով Համշենի տարածքում հայամետ քարոզչություն իրականացնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել խմբի հիմնադիրներից Հիքմեթ Աքչիչեքը, որը, միևնույն ժամանակ, խմբի մենակատարն է հանդիսանում: 

 

Հիքմեթ Աքչիչեքը նշել է, որ իր և իր համախոհների նպատակն է նախևառաջ պահպանել ու ապրեցնել Համշենի մշակույթը և լեզուն և որ ինքն այն մարդկանցից մեկն է, որն անձամբ է ապրել ու զգացել հարազատ մշակույթի ոչնչացման վտանգը, ինչի արդյունքում էլ 1996թ.-ից հետաքրքրվում ու ակտիվ գործունեություն է ծավալում ի նպաստ մայրենի լեզվի ու մշակույթի տարածման: 



«2005թ.-ին ես և ընկերներս թողարկեցինք «Վովա» երաժշտական ալբոմը, որը Համշենի բարբառով ձայնագրված առաջին ալբոմն էր աշխարհում: 2011թ.-ին բացել ենք HADİG կազմակերպությունը, որի նպատակն է պահպանել ու ապրեցնել Համշենի մշակույթը: 2014թ.-ից սկսած Համշենի բարբառով հրատարակվող «Գոռ» ամսագրի խմբագրակազմի անդամ եմ և ամսագրի պատասխանատուն: 

Համշենի լեզուն և մշակույթն ուսումնասիրելու և տարածելու շրջանակներում մշակութային ոլորտում բազմաթիվ կապեր, հարաբերություններ եմ ստեղծել: Դրանց թվում են նաև հայաստանցի մի շարք գիտնականներ, մշակութային գործիչներ, ինչպես նաև հայրենիքից գաղթած և Ռուսաստանում ու Աբխազիայում բնակվող քրիստոնյա համշենցիները: 

Մեր աշխատանքը հայրենիքի դավաճանություն, միսիոներականություն որակելը պարզապես ռասիզմ է: 


Ոչ մի համշենցու չենք պարտադրում նոր ինքնություն: Համշենի հայկական անցյալը, մանավանդ՝ Օսմանյան շրջանից առաջ, այլևս թաքցնելու գաղտնիք չէ:  

 

Մեր տեղը բոլորը գիտեն, անհայտ հասցեներով սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն թող գան մեզ գտնեն, նստենք, խոսենք:



Ուզում եմ շեշտել, որ մենք, ի հեճուկս այս ամենի, շարունակելու ենք մեր գործունեությունը:

Եթե ինչ-որ մեկն ունի հիմնավորված մեղադրանք, թող մեզ դատի տան», - գրել է Աքչիչեքը: 



Նշենք, որ «Վովա» խումբն իր առաջին մեծ ելույթն ունեցել է պոլսահայ նշանավոր լրագրող Հրանտ Դինքի հիշատակին կազմակերպված երեկոյի ընթացքում, որտեղ կատարել են հայերեն  «Յար յար» երգը: Խմբի մյուս անդամներն են Մուսթաֆա Բիբերը և Էրսին Չելիքը:

 
«Վովա» խմբի անդամները 2005թ.-ին թողարկված համանուն ալբոմի («Վովա» Համշենի բարբառով նշանակում է «Ով է») համար ձայնագրել են Համշենի բարբառով երգված 13  ժողովրդական  երգ, որոնց մեծ մասը մինչ այդ մոռացված էր ու անծանոթ համշենցիների երիտասարդ սերնդին: 

Image result for Vova grubu

Թուրքիայում համշենահայերի հայտնի «Վովա» երաժշտական խմբի անդամները սպառնալիքների են ենթարկվում