ՏԻՄ ընտրություններին «Ժառանգության» չմասնակցելու պատճառը քանակի խնդիրը չէ, տեխնիկական է. Արմեն Մարտիրոսյան

19:45 • 27.08.16

«Ժառանգություն» կուսակցությունը վերջերս, երբ կալանքի տակ էին գտնվում կուսակցության երեք անդամները՝ Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանն ու Դավիթ Սանասարյանը, հայտարարութjուն տարածեց այն մասին, որ կուսակցությունը չի մասնակցի սպասվող ՏԻՄ ընտրություններին: Օգոստոսի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ կուսակցության անդամներ Հովսեփ Խուրշուդյանն ու Դավիթ Սանասարյանը հայտնեին, որ մասնակցության հարցը քննարկվելու է: Այս և այլ արցերի շուրջ Tert.am-ը զրույցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, կուսակցության նիստում քննարկվե՞լ է  ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցը և ի՞նչ է որոշվել:

- Դեռևս քննարկումները շարունակվում են, բայց ամենայն հավանականությամբ չենք մասնակցի ՏԻՄ ընտրություններին, որովհետև  մի շարք հարցեր կան, որոնք համար պետք է պատրաստվել, իսկ  ժամանակի առումով  դրանք իրականացնել  հնարավոր չէ: Գլխավոր պատճառը ժամանակն է:

-Խոսակցություններ կան, որ ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու պատճառը անձանց քանակն է: Ունի՞ նման խնդիր «Ժառանգությունը»:

-Ես դրան ի պատասխան ընդամենը մեկ բան նշեմ: Վանաձորի կառույցը հանձնաժողովի մոտ 500 անդամ է լիցենզավորել: Եթե կառույցը հանձնաժողովի այդքան անդամ է լիցենզավորում, ինչպես կարող է կուսակցությունը անձանց խնդիր ունենալ: Մարդկանց քանակի պատճառով չէ պայմանավորված, որ «Ժառանգությունը» չմասնակցի ՏԻՄ ընտրություններին, խնդիրը տեխնիկական է։

-Եթե քաղաքական ուժը չի մասնակցում ՏԻՄ կամ մեկ այլ ընտրության, հետևաբար քննարկում է մեկ այլ ուժի սատարելու մասին: Կա՞ նման քննարկում «Ժառանգության» ներսում:

-Դրա մասին  դեռ վաղ է խոսել, դեռ նման հարց չի  քննարկվել: Երբ բոլոր ուժերը ներկայացնեն իրենց թեկնածուներին, պարզ կլինի ինչ իրավիճակ է, նոր կքննարկենք:

-Պարո՛ն Մարտիրոսյան, մոտ երեք տարի առաջ  «Ժառանգություն» կուսակցությունը փողոց էր դուրս բերում բազմաթիվ մարդկանց, հիմա չի մասնակցելու ՏԻՄ ընտրություններին: Սրանից ելնելով, կարելի՞ է հետևություն անել, որ «Ժառանգությունն»  այլևս նախկինը չէ:

-Բոլորովին համեմատելու բան չէ, որովհետև 2013-ին  ընտրական պրոցեսներ էին և ընտրական գործընթացներում և ոչ ընտրական ժամանակահատվածները տարբեր են, ու դրանով պայմանավորված պետք չէ համեմատականներ տանել կուսակցության գործունեության վերաբերյալ: Այդ առումով կարող ենք ասել, որ 2007-ին կամ հետագայում, երբ մենք կուսակցական հավաքներ էինք անում, ընդամենը մի քանի տասնյակից  մի քանի հարյուր մարդ էր մասնակցում, բայց դա բացարձակ չխանգարեց, որ և՛ 2007-ին,  և՛ 2012-ին «Ժառանգությունն» իր ներկայությունն ունենա խորհրդարանում: Չհաշված այն, որ 2013-ի Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգությունն» այն երեք ուժերից մեկն էր, որ ավագանիում տեղ ունեցավ: Ակնհայտ է, որ «Ժառանգությունը» միշտ էլ իր դերն ունեցել է  քաղաքական դաշտում: «Սասնա ծռերի» գործունեության ժամանակ ևս մենք ոչ թե կուսակցության ֆորմատով, այլ անհատապես ակտիվ մասնակցել ենք ծավալվող իրադարձություններին: Այնպես որ, դեռ վաղ է նման կարծիք կազմել, որ «Ժառանգությունը» մեծ խնդիրներ ունի: