Ժնևում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համերգ է կայացել

17:24 • 27.08.16

Շվեյցարիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո օգոստոսի 25-ին Ժնևում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, երեկոյի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանն իր ջերմ երախտիքն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին և արվեստագետներին՝ երեքհազարամյա պատմության ընթացքում տարբեր մշակույթների, կրոնների, քաղաքակրթությունների հանդիպման խաչմերուկում գտնվող հայ ժողովրդի հարուստ և ինքնատիպ երաժշտական արվեստը ժնևյան հանդիսատեսին լավագույնս ներկայացնելու հնարավորության համար:

Հայ արվեստի մեծ երախտավորների, ինչպես միջնադարյան, այնպես էլ արդի շրջանի երաժշտական արվեստի առանձնահատկությունների ներկայացմամբ հանդես է եկել Ժնևի Կոնսերվատորիայի տնօրեն Եվա Հարությունյանը:

Համերգի ընթացքում միջազգային տարբեր մրցույթների դափնեկրի՝ դաշնակահարուհի Եվա Հարությունյանի, մեներգչուհի Ջուլիետ Գալստյանի, դուդուկահար Լևոն Չատիկյանի, ջութակահար Ֆիլիպ Տալեկի և կլարնետահար Դմիտրի Ռասուլ-Կարաևի կատարմամբ հնչել են Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Հայկական պարարվեստի փայլուն ներկայացմամբ հանդես եկավ երիտասարդ կատարող Աննա Գրիգորյանը:

Միջոցառմանը ներկա են եղել Ժնևում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, արվեստագետներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ:



Ժնևում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համերգ է կայացել