Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն, Ռիհանան՝ MTV Video Music Awards-ին. մրցանակաբաշխությունը՝ լուսանկարներով
Նյու Յորքի «Մեդիսոն սքուեր գարդեն» մարզահամերգային դահլիճում տեղի է ունեցել MTV Video Music Awards 2016 ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը, գրում է The Daily Mail-ը՝ ներկայացնելով ֆոտոշարք։
Մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին տարվա լավագույն տեսահոլովակի համար արժանացել է Բեյոնսեն («Formation» տեսահոլովակի համար): Ընդհանուր առմամբ, երգչուհին հաղթել է ութ անվանակարգերում:
Բացի Բեյոնսեից՝ «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում ներկայացված են եղել Ադելը՝ «Hello» երգի տեսահոլովակով, ռեփեր Դրեյքը՝ «Hotline Bling» երգի տեսահոլովակով, Ջասթին Բիբերը՝ «Sorry» երգի տեսահոլովակով, ինչպես նաև ռեփեր Քանյե Ուեսթը՝ «Famous» երգի տեսահոլովակով: Բացի այդ մրցանակից՝ Բեյոնսեն նաև ստացել է «Երգչուհու լավագույն տեսահոլովակ» մրցանակը՝ «Hold Up» տեսահոլովակի համար:
«Երգչի լավագույն տեսանյութ» անվանակարգում հաղթել է Քելվին Հարիսը՝ «This is What You Came For» տեսահոլովակի համար:
Մրցանակաբաշխության վերջում Ռիհանան արժանացել է Video Vanguard Award հեղինակավոր մրցանակին:
Ինչպես նշում են լրատվամիջոցները, շոուն կարող է հիշվել նաև վերջին 9 տարում մրցանակաբաշխությանը երգչուհի Բրիթնի Սփիրսի առաջին անգամ հայտնվելու շնորհիվ: Նախորդ անգամ նա ելույթ էր ունեցել MTV հեռուստաալիքի կազմակերպած մրցանակաբաշխությանը 2007 թվականին:






































