Չեմ ցանկանում քաղաքականության մեջ մտնել, ուզում եմ միայն երգի միջոցով իմ խոսքն ասել. ստամբուլահայ երգչուհի Սիբիլ

12:26 • 19.10.16

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը Հայաստանում է, այստեղ է իր հայ գործընկերների հետ մի շարք նախագծերում մասնակցելու: Վերջերս էլ նրա «Վանա լճին» տեսահոլովակի մասին հրապարակումը Tert.am-ում արժանացավ մեծ գնահատականի: Երգչուհու հետ նրա նոր տեսահոլովակի, գործունեության և Թուրքիայում ապրող հայերի դժվարությունների մասին ենք խոսել:

-Դուք շատ ճանաչված  հայազգի երգչուհի եք  Թուրքիայում, որ կատարում է  հայալեզու երգեր և չի խորշում խոստովանել, որ հայ է: Սկզբից վախ չկա՞ր թուրք հասարակությունում հայ ներկայանալու առումով:

-Ամեն ինչ սկսվեց մի երազով: Առաջին ալբոմը,  որը կոչվում է «Սիբիլ», մանկությանս երազը իրականացնելու համար պատրաստեցի: Ալբոմս լույս տեսնելուց հետո, մի քանի շաբաթ Թուրքիայի հեռուստաընկերություններն ու թերթերը սկսեցին արձագանքել ալբոմիս: Բոլորն էլ շատ բարձր գնահատական տվեցին: Թուրքիայի ամենահայտնի թերթերում հարցազրույցներ հրապարակվեցին: Ես ապշած հետևում էի ամեն ինչին: Այո, շատ մեծ ցանկություն ունեի, որ Սիբիլ անունն ու Սիբիլի հայալեզու երգերը հնչեին, բայց այսքան արագ արձագանքի չէի սպասում: Խոստովանեմ, որ անգամ մի պահ մի փոքր վախեցա: Անշուշտ, կային նաև բացասական մեկնաբանություններ: Բայց այնքան լավ ու դրական նամակներ ստացա թուրք ժողովրդի կողմից, որ այդ վախը շուտով իմ սրտից հանեցի: Աստված պահպանում է ինձ, ես պիտի գնամ առաջ:

-Դուք, որքան գիտեմ, նաև միակ հայազգի կատարողն եք, ում թույլատրվել է իր տեսահոլովակը ցուցադրել թուրքական հեռուստատեսությունում: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում դա անել, ովքե՞ր են Ձեզ օգնում Ձեր ստեղծագործական կյանքում, գիտեմ, որ համագործակցում էիք նաև Թուրքիայի ամենահայտնի պրոդյուսերի հետ:

-Իմ՝ Թուրքիայում նկարահանված «Նամակ» տեսահոլովակը համարվեց առաջին հայալեզու տեսահոլովակը, որ ցուցադրվեց: Անշուշտ, հեղինակ՝ Մաժակ Թոշիկյանի, պրոդյուսերիս՝ Հաքան Էրենի և թուրք հայտնի երաժիշտներ Մերջան Դեդեի և Գյոքսել Բաքթագիրի օգնությունը շատ է: Բոլորն էլ ինձ վստահելով՝ ինձ համար ճանապարհ բացեցին:

-Դուք ունեք համագործակցության օրինակներ Հայաստանում ապրող հայ արվեստագետների հետ, օրինակ, Անդրեի հետ, վերջերս համերգի էիք մասնակցում, հիմա էլ պատրաստել եք «Վանա լճին» երգի տեսահոլովակը, որը  կյանքի է կոչվել դարձյալ այստեղի հայերի համագործակցությամբ: Ո՞ր կողմից է լինում համագործակցության առաջարկը: Ինչպիսի՞ն է Ձեզ համար հայաստանյան լսարանը:

-«The Beautified Project» խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանի հետ մի տարի առաջ ծանոթացանք և այդ ծանոթությունը մեզ համար բերեց մինչև կյանքներիս վերջը հիշելու և հպարտանալու մի նախագիծ՝ թուրք և հայ երգիչների համատեղ համագործակցությամբ՝ “Melody for Harmony” վերտառությամբ: Առաջին համագործակցության առաջարկը Անդրեի կողմից էր, իսկ «Վանա լճին» երգի մասին ես իրենից օգնություն խնդրեցի, քանի որ շատ ճաշակով և տաղանդավոր երաժիշտ է․ ցանկացա, որ Հայաստանում իր թիմով աշխատենք:

Հայաստանի լսարանը շատ ուշադիր և շատ պահանջկոտ է: Անշուշտ, չեմ կարող ասել, որ  100 տոկոսը, բայց մեծամասնությունն ինձ սիրեց և գնահատեց, լավ արտահայտվեց իմ մասին, սիրով և գնահատանքով մոտեցավ ինձ, որի համար անչափ շնորհակալ եմ: Ստեղծագործողի համար ժողովրդի ձայնը կարևոր է: Դուք ինքներդ էլ ականատես եղաք, թե ինչպես  «Վանա լճին» երգի  մասին Tert.am-ում հրապարակված լուրին հետևած գնահատականները և հազարավոր «like»-երը որքան ուրախացրին ինձ: Ես էլ դրա համար նրանց ուղղված շնորհակալական գրություն հրապարակեցի:

-Թուրքիայում ապրող հայերից, հատկապես քաղաքական գործիչներից հաճախ եմ լսում, որ իշխանություններն այնքան էլ դրական վերաբերմունք չունեն քրիստոնյաների, հայերի նկատմամբ: Վերջերս նաև Էրդողանի ռասիստական ելույթն էր զայրացրել հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս խնդիրների վերաբերյալ:

-Անշուշտ, շատ ենք ազդվում տեղի ունեցող դեպքերից: Մտահոգվում ենք քաղաքականության մեջ ներգրավված  ու իրենց անձը վտանգի ենթարկող մարդկանց համար: Ես անձամբ չեմ ցանկանում քաղաքականության մեջ մտնել և քաղաքականության մասին խոսել: Ցանկանում եմ միայն ու միայն երգի միջոցով իմ խոսքն ասել:

-Դուք ապրում եք Ստամբուլում, որտեղ հայերը մեծ թիվ են կազմում: Հիմա երբ Թուրքիայում ներքաղաքական խնդիրներ կան, Ձեր դիտարկմամբ, ինչպիսի՞սպասումների մեջ է հայ համայնքը, կա՞ն արդյոք մտավախություններ:

-Միշտ եղել են մտավախություններ, մեզ համար դա նորություն չէ: Հուսով եմ, որ այս դժվարին իրավիճակից  դուրս կգանք:

-Վերադառնանք նորից Ձեր՝  Հայաստան այցին. արդյո՞ք այլ  ծրագրեր կան, բացի նրանցից, որոնք արդեն ի կատար ածեցիք, և ընդհանրապես ի՞նչ  ծրագրեր ու նպատակներ ունի Սիբիլ երգչուհին:

-Ամսի 20-ին պետք է մեկնեմ Պոլիս: Նոյեմբերի 4-ին Համազգայինի հրավերով Լիբանանի շատ մեծ համերգային սրահներից մեկում պետք է համերգ տամ: Շատ հուզված եմ: Իմ առաջին հանդիպումն է լինելու լիբանանահայ հանդիսատեսի հետ: 2017-ին պետք է ունենամ անակնկալներ: Միայն պետք է ասեմ, որ հայ երաժշտասերներին Անդրե Սիմոնյանի հետ պետք է շատ գեղեցիկ  մի երգ նվիրենք, որի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է:

 

 

Չեմ ցանկանում քաղաքականության մեջ մտնել, ուզում եմ միայն երգի միջոցով իմ խոսքն ասել. ստամբուլահայ երգչուհի Սիբիլ