Ստամբուլում հրատարակվել է Թուրքիայի առաջին ստուդիական լուսանկարչուհի Մարիամ Շահինյանի արխիվի հավաքածուն (լուսանկարներ)
Ստամբուլում հրատարակվել է Թուրքիայի առաջին ստուդիական լուսանկարչուհին համարվող Մարիամ Շահինյանի լուսանկարչական արխիվի հավաքածուն: Այս մասին հայտնում է «Ակօսը»:
Գրքի հրատարակումը ստանձնել է Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչությունը:
Մարիամ Շահինյանի ղեկավարած (1937-1985թթ.) «Ֆոտո-Գալաթասարայ» ստուդիայի անունը կրող գիրքը պատրաստվել է արվեստաբան Թայֆուն Սերթթաշի կողմից:
Մարիամ Շահինյանը ծնվել է 1911թ.-ին Սեբաստիայում, Հակոբ Շահինյան փաշայի ընտանիքում: Շահինյանների առանձնատունը եղել է Սեբաստիայի ամենահայտնի կառույցներից մեկը և կոչվել է Շահինյանների պալատ կամ «ապակեպատ պալատ»:
Նրանց ընտանիքից Հակոբ Շահինյանն Օսմանյան առաջին խորհրդարանի կազմում գործող պատգամավորների պալատում ներկայացրել է Սեբաստիա քաղաքը:
1915թ.-ին ընտանիքը ստիպված է եղել ապաստանել Կ.Պոլսում: Մարիամ Շահինյանի հայրը` Միհրան Շահինյանը, Բալկաններից եկած երկու եղբոր հետ հիմնել է «Ֆոտո- Գալաթասարայ» ստուդիան:
Մարիամը ֆինանսական խնդիրների պատճառով ֆրանսիական «Sainte Pulcherie» քոլեջից հեռանալուց հետո 1935 թվականից սկսել է օգնել իր հայրիկին՝ ստուդիայում աշխատելով: Մարիամը շատ արագ յուրացրել է լուսանկարչական արվեստի հմտություններն ու, 1937թ.-ին ամբողջ ընտանիքի ֆինանսական բեռն իր ուսերի վրա վերցնելով, սկսել է միայնակ ղեկավարել ստուդիան: 
Երբևէ չամուսնացած և երեխաներ չունեցած Մարիամ Շահինյանը կեսդարյա կարիերայի ընթացքում օգտագործել է բացառապես մի փայտե լուսանկարչական սարք, որն իր հայրը ձեռք էր բերել Առաջին համաշխարհայինից հետո Բալկաններից գաղթած մի ընտանիքից: Չնայած լուսանկարչական արվեստի բոլոր տեխնոլոգիական զարգացումներին` Շահինյանը, իր տեխնիկական և էսթետիկ սկզբունքներից ելնելով, ոչ մի փոփոխության չի դիմել:


Հայ լուսանկարչուհին ականատես է եղել Թուրքիայում 1942թ.-ին կրոնական փոքրամասնությունների դեմ կիրառված հարկային դաժան քաղաքականության (1942թ.-ին պետության կողմից սահմանված օրենքի համաձայն՝ երկրի հայ քրիստոնյա քաղաքացիները պարտավոր էին հարկ վճարել իրենց եկամտի 232, հրեաները 179, իսկ հույները 156 տոկոսի չափով: Կիրառված խտրական քաղաքականության հետևանքով Կ.Պոլսի հայ և հույն համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ սննկացան, շատերն արտագաղթեցին Թուրքիայից, ինչից հետո Թուրքիայի տնտեսության զգալի մասն Աթաթուրքը կարողացավ փոխանցել թուրքական նորաստեղծ բուրժուազիայի ձեռքը), 1974թ.-ի կիպրոսյան դեպքերի հետևանքով Ստամբուլի դեմոգրաֆիկ և սոցիալ-մշակութային փոփոխություններին:
Մարիամ Շահինյանը 1985թ.-ին արդեն պատկառելի տարիքի պատճառով հեռացել է ստուդիայի ղեկավարի պաշտոնից` իր հետևից թողնելով շուրջ 20.000 լուսանկարից բաղկացած և Ստամբուլի մասին եզակի պատմական լուսանկարչական արխիվներից մեկը համարվող հսկայական ժառանգություն: 
1996թ.-ին կյանքից հեռացած Մարիամ Շահինյանը թաղված է Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը:










