«Ավրորա»  նախաձեռնությունը Մատենադարանին 20 հազար դոլարի դրամաշնորհ է տրամադրել

12:24 • 20.10.16

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Մատենադարանի համագործակցության արդյունքում տասը գիդ-էքսկուրսավարներ կվերապատրաստվեն Գերմանիայում:

«Ավրորա» նախաձեռնությունը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին 20 հազար դոլարի դրամաշնորհը որոշել է տրամադրել հոկտեմբերի 8-ին` Սուրբ Թարգմանչաց տոնին՝ միանալով Հայաստանի մշակութային արժեքներն օտարերկրացիներին լավագույնս ներկայացնելու ջանքերին:

Դրամաշնորհի միջոցով ֆինանսավորվելու է Մատենադարանի տասը գիդ-էքսկուրսավարների դասընթացը Գերմանիայում: Դասընթացի շրջանակում նրանք կայցելեն թանգարաններ և մշակութային կենտրոններ՝ ծանոթանալու թանգարանային կառավարման և ներկայացման նորագույն սկզբունքներին, ինչպես նաև զարգացնելու օտար լեզուներով աշխատող գիդ-էքսկուրսավարների անհրաժեշտ հմտությունները:

«Մատենադարանը, լինելով գիտական կառույց, կարևորում է տեղեկատվության մատուցման որակը և ճշգրտությունը: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում գիդերի մասնագիտական պատրաստվածությանը: Այս համագործակցությունը մեզ համար չափազանց կարևոր է, և մենք ուրախ ենք, որ այն աստիճանաբար ստանում է ռազմավարական բնույթ»,- նշել է թանգարանային կառավարման գծով Մատենադարանի տնօրենի խորհրդական Արա Խզմալյանը։

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ Մատենադարանը, որպես գիտական և մշակութային կենտրոն ունի օտարերկրյա զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը։

«Դրամաշնորհի տրամադրման որոշումը Սուրբ Թարգմանչաց տոնին կայացնելն ավելին, քան խորհրդանշական է: Այս դրամաշնորհով մենք հպարտությամբ շարունակում ենք 5-րդ դարի թարգմանիչների ավանդույթները` ամրապնդելով հայերի և Հայաստանի տեղը համաշխարհային մշակույթի մեջ:  Հայաստանի մշակութային ժառանգությունը լավագույնս ներկայացնելը որակավորված գիդ-էքսկուրսավարների միջոցով շատ կարևոր է, և այն համընկնում է մեր նախաձեռնության որդեգրած սկզբունքների հետ», - ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և Մատենադարանն առաջին անգամը չէ, որ համագործակցում են: Հիշողության պահպանման «Armenian Memory Act» նախագծի շրջանակում 2015 թվականին ինստիտուտը, ստանալով 25 հազար դոլարի դրամաշնորհ, ձեռք է բերել ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում՝ դրանք դարձնելով առավել հասանելի հետազոտողների ու հանրության համար: Արդեն շուրջ 700 ձեռագիր մատյան և հազվագյուտ արխիվային փաստաթղթեր են թվայնացվել ծրագրի օգնությամբ. թվայնացման գործընթացը շարունակվում է: «Ավրորա» նախաձեռնության Հիշողության պահպանման «Armenian Memory Act» ծրագիրն ուղղված է պահպանելու հայկական ժառանգության մասին փաստող արխիվների և փաստաթղթերի պահպանմանն ու գործածմանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» նախաձեռնության նպատակն է ստեղծել համաշխարհային մարդասիրական շարժում։ Այն իր արմատներով հասնում է Հայոց ցեղասպանություն, որին զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն հայ, ու հիմնված է այդ տարիներին տեղ գտած խիզախության ու վերապրումի ոգեշնչող պատմությունների վրա։ Սակավաթիվ հաջողակներ փրկվել են բացառապես խիզախ անհատների և մարդասիրական կազմակերպությունների միջամտության շնորհիվ։ Մեկ դար անց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտությամբ ներկայացնում է փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը և փառաբանելով մարդասիրությունը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծում, ներառում և օժանդակում է նախագծեր, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ մարդասիրական հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ և քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այդ նախագծերից են «Ավրորա» մրցանակը, Aurora Dialogues քննարկումները, «Ավրորա» մարդասիրության ցուցիչը, Երախտագիտության նախագծերը և 100 LIVES նախաձեռնությունը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը IDeA (Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ) բարեգործական հիմնադրամի ձեռնարկումն է։

Ավելին՝ www.auroraprize.com

«Ավրորա»  նախաձեռնությունը Մատենադարանին 20 հազար դոլարի դրամաշնորհ է տրամադրել