Բոբ Դիլանի կայքում հայտնվել ու անհետացել է Նոբելյան մրցանակի մասին հիշատակումը
Ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանի կայքում հայտնվել ու անհետացել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի մասին հիշատակումը, հաղորդում է The Guardian-ը:
Նշվում է, որ սկզբից երաժշտի նոր` The Lyrics: 1961–2012 հավաքածուի նկարագրությունում նկատվել է «գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր» արտահայտությունը. սա եղել է մրցանակի միակ հրապարակային ճանաչումը երաժշտի կողմից:
Կայքը գրում է, որ այժմ այդ ճանաչումը բացակայում է նկարագրությունում:
«Բոբ Դիլանը` Նոբելյան դափնեկիրը, կրկին դարձել է սովորական Բոբ Դիլան»,- գրում է թերթը:
Հրատարակությունը նշում է, որ սովորաբար հայտնի մարդկանց կայքերով զբաղվում են ուրիշները, և չի բացառվում, որ Դիլանը չի իմացել ո՛չ Նոբելյան մրցանակի հիշատակման, ո՛չ էլ արտահայտությունը հեռացնելու մասին:
Հիշեցնենք, որ 2016 թվականին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի երաժիշտ և հեղինակ-կատարող Բոբ Դիլանին:










