«Վրիժառուների» ռեժիսորը ցանկանում է «Աստղային պատերազմների» նման ֆիլմ նկարահանել
Ամերիկացի ռեժիսոր Ջոս Ուիդոնը ցանկանում է «Աստղային պատերազմներ»-ի նման ֆիլմ նկարահանել, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Ռեժիսորին հարցրել են, թե ինչպես է վերաբերվում խոշոր կինոֆրանշիզներին (թեմատիկորեն փոխկապակցված ֆիլմաշար), և նա պատասխանել է, որ զվարճալի է «ինչ-որ բանի ծառայել` հաշվի առնելով, որ կարելի է մեկնաբանություն ավելացնել»:
«Դա ոչ մի բանով չի տարբերվում պատմություններ պատմելու ցանկացած այլ ձևից»,- պատմել է նա:
Այնուհետև Ուիդոնը թվարկել է, թե ինչ նախագծերով ինքը կհետաքրքրվեր, օրինակ` Ջեյմս Բոնդի մասին ֆիլմով:
«Արդյոք ուզո՞ւմ եմ «Աստղային պատերազմներ» ֆիլմ նկարահանել. այո՛»,- հայտնել է ռեժիսորը:
Ուիդոնի խոսքով` ավելի վաղ ինքն այդպիսի ցանկություն չի ունեցել, սակայն տեսել է «Աքսորյալ 1. Աստղային պատերազմներ. պատմություններ» ֆիլմի թրեյլերն ու հասկացել, որ ուզում է նման մի բան նկարահանել:
Նշենք, որ Ուիդոնը հայտնի է «Վրիժառուներ» և «Վրիժառուներ. Ալտրոնի դարաշրջանը» ֆիլմերով, ինչպես նաև` «Լուսատտիկ» սերիալով:










