Լեդի Գագան պատմել է իր ու Մադոննայի տարբերությունների մասին
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան պատմել է, թե ինչով է ինքը տարբերվում Մադոննայից:
Ինչպես նշում է Billboard-ը, Լեդի Գագան իր նոր Joanne ալբոմը գովազդելու համար գնացել է ռադիոկայաններից մեկը: Երբ հաղորդավարը փորձել է նրա կյանքն ու կարիերան համեմատել Մադոննայի պատմության հետ, Լեդի Գագան պատասխանել է, որ իրենք շատ տարբեր են:
Լեդի Գագայի խոսքով` ինքն ընդհանրապես չէր համեմատի իրենց:
«Չեմ ուզում անհարգալից վերաբերմունք դրսևորել Մադոննայի հանդեպ: Նա լավ լեդի է: Եվ ֆանտաստիկ, հսկայական կարիերա է անում: Նա բոլոր ժամանակների խոշորագույն փոփ աստղն է», - ասել է երգչուհին:
Լեդի Գագան, միևնույն ժամանակ, նշել է, որ ինքը բազմաթիվ երաժշտական գործիքներ է նվագում ու իր սեփական երաժշտությունը գրում: Դրանից բացի, ինքը շատ ժամանակ է անցկացնում ստուդիայում:
«Ես պրոդյուսեր եմ: Ես հեղինակ եմ: Այն, ինչ անում եմ, տարբերվում է», – ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ վերջերս Լեդի Գագան թողարկել է նոր` Joanne ալբոմը:










