Նման դիվերսիաներով Ադրբեջանը փորձում է չքնեցնել հարցը ռազմական ճանապարհով կարգավորելու իր հայտարարությունները. փորձագետներ
Ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանի կարծիքով՝ Ադրբեջանը, երբեք չհրաժարվելով ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու իր մտադրությունից (անգամ վստահ չլինելով, որ ռազմական ճանապարհով կարող է հարցին լուծում տալ), ժամանակ առ ժամանակ ձեռնարկվող դիվերսիոն փորձերով փորձում է չքնեցնել հարցը։
Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում երեկ ուշ երեկոյան Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն փորձերին՝ փորձագետն ասաց. «Քանի որ էն գլխից ասել է, որ հարցի լուծման ճանապարհը դա պետք լինի՝ հողերը 2 ժամում, 4 ժամում կվերցնեմ, փաստորեն ինքը հարցը չքնեցնելու փորձեր է անում»։
Համանման կարծիք հայտնեց ադրբեջանագետ, ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը՝ այն հավելմամբ, որ այդ դիվերսիան, հնարավոր է, պայմանավորված է տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցով:
«Փորձը ցույց է տվել, որ կարևոր հանդիպումներից առաջ՝ նախագահների, արտգործնախարարների, եթե հիշում եք՝ ֆրանսիական կողմն էր ցանկություն հայտնել հանդիպում կազմակերպելու, Ադրբեջանը նման գործողությունների է գնում: Ու, ենթադրում եմ, որ դրանով նաև փորձում են ցույց տալ, որ այս ներկա իրավիճակը և բանակցությունների ներկա ընթացքը իրենց ձեռք չի տալիս: Այսպիսով, փորձում են ինչ-որ ճնշում գործադրել հայկական կողմի վրա, համանախագահների: Կամ Ալիևը վերջերս հայտարարեց, որ փակ դռների հետևում Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվում, որպեսզի ճանաչեն Ղարաբաղի անկախությունը: Այսինքն` փորձում են ցույց տալ, որ չեն համաձայնի և կարող են նաև սրել իրավիճակը»,-ասաց փորձագետը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 29-ին հրապարակել է 2017 թ. պետբյուջեի նախնական տարբերակը, համաձայն որի՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն նախատեսվում է կրճատել շուրջ 27,5 տոկոսով՝ նվազելով շուրջ 993 միլիոն դոլարի:
Տարոն Հովհաննիսյանը նկատեց, որ Ադրբեջանում ընդհանուր բյուջետային ծախսերը նախատեսվում է կրճատել շուրջ 10 տոկոսով:
Ըստ փորձագետի՝ նախորդ տարիներին` Ադրբեջանի պաշտպանական բյուջեները շատ ավելին են եղել: Դրա բաշխումը և 2015-2017 թվականների բյուջեների համեմատությունը ներկայացնում ենք աղյուսակով (թվերը ներկայացված են մանաթով):
Ոլորտը
2015 թ.
(Ընդունված)
2016 թ.
(Ընդունված)
2017 թ.
(Նախագիծ)
8.2.
Պաշտպանություն
1 778 529
2 228 834
1 615 359
8.2.1.
Պաշտպանության ուժեր
1 651 220
2 114 496
1 486 905
8.2.2.
Ազգային անվտանգություն
121 089
108 894
122 700
8.2.3.
Ուսումնասիրություններ
2 831
2 422
2 642
8.2.4.
Այլ
3 387
3 021
3 112
Մյուս կողմից, հայտնի է, որ Ադրբեջանի պաշտպանության ոլորտի պաշտոնական ծախսերն իրականում մի քանի անգամ պակաս են քարոզչական սպառնալիքներից: Այլ խոսքով՝ Ադրբեջանը միշտ օգտագործում է մեծ ծախսերի գործոնը Հայաստանի դեմ քարոզչական պատերազմում անհրաժեշտ ֆոն ապահովելու համար, իսկ դա անում է իր ուժային կառույցների ֆինանսավորումը (հատուկ ծառայություններ, պետական պահպանության ծառայություն, ոստիկանություն) մեկ ընդհանուր՝ Պաշտպանության նախարարության տողում ներկայացնելով:
«Դա և՛ սահմանապահներն են, և՛ Ազգային անվտանգություն է՝ իր երկու կառույցներով՝ արտաքին և ներքին, գաղտնի պահպանության գնդեր ունեն, մի շարք կառույցներ, որոնք բանակին չեն վերաբերում։ Ավելին՝ փորձում են ամբողջ բյուջեն ներկայացնել որպես ռազմական»,-ասաց նա:
Անդրադառնալով երկու երկրների ռազմական արդյունաբերություններին՝ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ իրականում այն, ինչ արտադրվում է տեղում՝ Հայաստանում և Ադրբեջանում, միարժեք է։
«Իրենք ունեն ավտոմատների արտադրություն՝ Կալաշնիկով ավտոմատների՝ իրենց մոտ արտադրվող մոդելի օրինակը, որոնք դեռևս իրենց Զինված ուժեր դեռ չեն մտել, ուստի դժվար է ասել՝ ինչպես է իրեն ցուցաբերում մարտում: Ունեն դիպուկահար հրացաններ, թերևս, ամենաշատը ԻՍՏԻԳԼԱՐ-ներն են օգտագործվում։ Ունեն նույն տրամաչափի արտադրություն, բայց իրենք էլի, բացառությամբ ԻՍՏԻԳԼԱՐ-ի, բավարարվում են ցուցադրություններով` ռազմական ցուցահանդեսներ ժամանակ: Եվ նույն մոդելները, որ իրենք են ցուցադրում, վերջերս Երևանում ռազմական էքսպոյի ժամանակ ցուցադրվեցին»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է այլ երկրների համատեղ արտադրանքներին, ապա, ըստ Տարոն Հովհաննիսյանի, դրանք արտասահմանյան այլ ընկերությունների արտադրանքներ են, որոնք կազմակերպվում են Ադրբեջանում. նույն անօդաչու թռչող սարքերն իսրայելական են, որոնք Իսրայելը արտադրում է նաև Ադրբեջանի տարածքում:
Իսկ մնացած արտադրանքը, ըստ փորձագետի, նախկին խորհրդային արտադրության արդիականացված տարբերակներն են, որոնց մեջ, շատ դեպքերում փոփոխված է միայն դիզայնը:










