Եթե վարչապետը Մոսկվայից է ժամանել, դեռ չի նշանակում, որ կարիք ունեն ՀՀ-ում պրոռուսական կուսակցություններ բացելու. Ռիչարդ Կիրակոսյան

14:29 • 23.10.16

Tert.am-ի հետ զրույցում փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանն անդրադարձավ այն մտայնությանը, որ ՀՀ քաղաքական դաշտում արևմտյան ուղղվածության ուժերին ակտիվորեն փոխարինելու են գալիս ռուսական ուղղվածության կամ, ընդհանրապես, «ծագման» քաղաքական ուժերը:

- Պարոն Կիրակոսյան, կա կարծիք, որ հայաստանյան քաղաքական «իսթեբլիշմենթում»  ռուսական «ծագման» կուսակցությունները փորձում են  գրավել և դաշտից դուրս մղել պրոարևմտյան քաղաքական ուժերին: Հայտնի է, որ բազմաթիվ նոր կուսակցություններ են բացվում:

-Այն փաստը, որ նոր վարչապետը Երևան է ժամանել Մոսկվայից, դա դեռ չի նշանակում. ես չեմ տեսնում Մոսկվայի կողմից որևէ ցանկություն կամ կարիք Հայաստանում պրոռուսական նոր կուսակցություններ «բացելու»:

- Հետևաբար, կարծում եք՝ ռուսական ազդեցության կուսակցությունները 2017-ի ԱԺ-ում շատ ներկայացված չե՞ն լինելու:

- Հայաստանի ողջ քաղաքական պատմության մեջ պրոռուսական ոչ մի կուսակցության հաջողված պատմություն չեմ տեսել: Եվ Ռուսաստանի համար ավելի արդյունավետ կլինի ներգործել ու ազդել պրոռուսական տարրերի վրա՝ հենց Հանրապետական կուսակցության կազմում: Այնպիսիք` ինչպիսիք են Արա Աբրահամյանը, Սամվել Բաբայանը, Ծառուկյանը, այնքան էլ վստահելի չեն Ռուսաստանի համար` որպես գործիք: Չեմ բացառում, որ ինչ-որ թույլ, ոչ պատրաստված անձինք կարող են օգնություն հայցել Մոսկվայից, բայց չեմ կարծում ու չեմ տեսնում, որ Մոսկվան որոշել է ու տալիս է իր աջակցությունը:

- Սակայն հայտնի է, որ եթե ինչ-որ բան արտադրվում է, բացվում, հայտնվում դաշտում, ուրեմն՝ դրա պահանջարկը կա: Հիմա ամեն օր մի ռուսամետ կուսակցություն է բացվում:

-Ես չեմ տեսնում այդ պահանջարկը:  Իսկ այն ամենն, ինչի մասին խոսում եք, այլևս լուրջ քաղաքական գործիքներ չեն:

- Ի դեպ՝ մամուլում շրջանառվում է, որ Կարեն Կարապետյանը չի կարող պաշտոնավարել Հայաստանում 2017-ից հետո:

- Հուսանք:

- Դա ոչ թե հուսանք, այլ Սահմանադրության պահանջն է: Ինչևէ: Ընտրական ու Քրեական օրենսգրքերում ընտրակեղծիքի կամ ընտրակեղծարարի կողմից սխալ տեղեկատվություն հաղորդելը  ԸՕ նոր փոփոխություններով քրեականացվում է, և դիտորդը, իրավապաշտպանը, լրագրողը  կարող է մինչև երկու տարվա ազատազրկման դատապարտվել  սուտ մատնության  համար:Ըստ Ձեզ՝  ինչպիսի՞ն կլինի միջազգային կառույցների ու, մասնավորապես, Արևմուտքի արձագանքն օրենսդրական այս փոփոխություններին:

- Կառավարության համար հիմա ամենակարևոր խնդիրը կորցրած վստահությունը հետ բերելն է։ Մենք չենք տեսնում, որ կա վստահություն իշխանության նկատմամբ, որ ավելի արդար և ազատ են լինելու 2017-ի ընտրությունները: Հետևաբար, շատ մտահոգիչ է, որ փոխանակ ընտրակեղծարարության համար պատիժները խստացնեն, խստացնում են պատիժները նրանց համար, որոնք հաղորդում են այդ ընտրակեղծիքների մասին: Այսինքն՝ քաղաքականապես պատժում են ընտրակեղծարարության մասին մեսիջներ փոխանցողներին: