Քանյե Ուեսթը սպառնացել է բոյկոտել «Գրեմմի» մրցանակաբաշխությունը՝ Ֆրենք Օուշենի պատճառով
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը սպառնացել է բոյկոտել «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը` հայտարարելով, որ դա կանի այն դեպքում, եթե իր ընկեր ռեփեր Ֆրենք Օուշենը որևէ անվանակարգում չներկայացվի:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, 39-ամյա Ուեսթն այս մասին ասել է իր համերգային շրջագայության ժամանակ տեղի ունեցած համերգներից մեկի ընթացքում:
«Ասում եմ ամենայն անկեղծությամբ` եթե նրա (Օուշենի-Tert.am) ալբոմը որևէ անվանակարգում չներկայացվի, ապա ես չեմ այցելի «Գրեմմի»-ն»,-ասել է ռեփերը` հավելելով, որ իրենք` որպես երաժիշտներ, պետք է համախմբված լինեն:
Ուեսթը նաև նշել է, որ իր համար ոչ թե Օուշենի հաղթանակն է կարևոր, այլ` ներկայացված լինելու փաստը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Օուշենի ալբոմը որևէ անվանակարգում չի ներկայացվել, քանի որ ռեփերն այն թողարկել է անվանակարգերում ներկայացվելու վերաբերյալ ժամկետը լրանալուց հետո:
Սակայն Ուեսթը հիշեցրել է, որ տարիներ առաջ մրցանակաբաշխության կազմակերպիչները խախտել են այդ կանոնն ու բացառության կարգով ներկայացրել Լեդի Գագային`ցանկանալով էպատաժային երգչուհուն տեսնել իրենց միջոցառման բեմին:










