Խնդիր ունենք նպաստելու Հայաստանում ժամանակակից արվեստի զարգացմանը. տեղի ունեցավ «Արվեստ Հայաստան» հիմնադրամի բացման արարողությունը

16:43 • 25.10.16

Հայաստանում արվեստի բնագավառում կան շատ հետաքրքիր նախաձեռնություններ, որոնց իրականացմանը պետք է օժանդակել.  «Արվեստ Հայաստան» հիմնադրամի գործադիր հիմնադիրներ Դավիթ և Ռաֆայել Նազարյանների նամակ-ուղերձը կազմակերպության շնորհանդեսի ժամանակ կարդաց գործադիր տնօրեն Անուշ Զեյնալյանը. hիմնադիրները շնորհանդեսին ներկայանալ չէին կարողացել:

Անուշ Զեյնալյանը, ներկայացնելով հիմնադրամի աշխատանքը, նշեց, որ իրենք խնդիր ունեն նպաստելու Հայաստանում ժամանակակից արվեստի զարգացմանը՝ օժանդակելով ոլորտում ստեղծագործող անհատներին, ինչպես նաև բացահայտելու նրանց ստեղծագործական ներուժը երկրի ներսում և դրա սահմաններից դուրս:

Անուշ Զեյնալյանը նշեց, որ իրենք արվեստագետներին պատրաստ են օգնել դրամաշնորհներով, ինչպես նաև՝ մշակութային և կրթական ծրագրերով, որոնցում ներգրավված են տեղացի և դրսի արվեստագետներ, համադրողներ, տեսաբաններ:

Խոսելով հիմնադրամի ընձեռած դրամաշնորհային հնարավորությունների մասին՝ նա նշեց, որ դրանց մրցույթին կարող են մասնակցել թվային և մեդիա արվեստի, լուսանկարչության, աուդիո-վիզուալ արվեստի, պերֆորմանսի և հանրային վայրերի արվեստների ներկայացուցիչները:

Գործադիր տնօրենն իր խոսքում նշեց, որ հիմնադրամում ներգրավված են մասնագետներ, որոնք կազմում եմ հիմնադրամի խորհրդատվական խորհուրդը: Նա հավելեց, որ իրենք շատ վստահում են խորհրդի անդամներին և կարևորում են նրանց խորհուրդները:

Ըստ հիմնադրամի ղեկավար մասի՝ իրենց դրամաշնորհային մրցույթներին կարող են մասնակցել  հայաստանցի և սփյուռքահայ արվեստագետները: Առաջարկվող դրամաշնորհները կազմում են 4500 դոլարին համարժեք դրամ, չնայած տրամադրվող գումարը կարող  է լինել բարձր կամ ցածր, քանի որ յուրաքանչյուր դեպքում արվեստագետը սահմանում է ակնկալվող գումարն ըստ նախագծերի:

Հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամներից  «Անադիալ» պատկերասրահի և Երուսաղեմի  Ալ-Մամալ հիմնադրամի հիմնադիր տնօրեն Ջեք Փերսեքյանն էլ նշեց, որ ինքը  ուրախ է, որ ներգրավված է հիմնադրամի աշխատանքներում. փորձելու է փոխանակվել իր փորձով և կապել Հայաստանն ու աշխարհի այն հատվածը, որտեղ ինքն է ստեղծագործում:

 

Խնդիր ունենք նպաստելու Հայաստանում ժամանակակից արվեստի զարգացմանը. տեղի ունեցավ «Արվեստ Հայաստան» հիմնադրամի բացման արարողությունը