Բաքուն սիրեցի բաքվեցի հայերի շնորհիվ. Սոսո Պավլիաշվիլին Բաքվում կայանալիք համերգի, այն բոյկոտելու կոչերի մասին (տեսանյութ)

17:14 • 26.10.16

«Բաքուն սիրեցի բաքվեցի հայերի շնորհիվ». ադրբեջանական 1news.az կայքին տված հարցազրույցում ասել է երգիչ Սոսո Պավլիաշվիլին:

 

Ինչպես գրում է կայքը, արդեն երկրորդ շաբաթն է, ինչ նորությունն այն մասին, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակից» հանված Սոսո Պավլիաշվիլին պատրաստ է բարեգործական համերգ տալ Բաքվում, մնում է Ադրբեջանի հանրության շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ համացանցում հրապարակվել է Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ռամիզ Ֆաթալիևի նամակը, որտեղ կինոդրամատուրգը խնդրում է Սոսո Պավլիաշվիլիին հրաժարվել Բաքվում նախատեսված բարեգործական համերգից և չժամանել Բաքու:

 

Ադրբեջանցի կինոգործչի խոսքով՝ «Սոսոն առաջիններից մեկն է համերգներով այցելել Հայաստան Ղարաբաղյան հակամարտության ժամանակ և այդ պատճառով իրավունք չունի դրանից հետո ելույթ ունենալ Բաքվում»:

 

Սոսո Պավլիաշվիլին life.ru-ի հետ զրույցում հայտարարել էր, որ իր համերգները քաղաքական բնույթ չեն կրում, իսկ հայ ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները չի կարող փչացնել և ոչ մի հակամարտություն: 

«Կգամ ես Բաքու, թե չէ՝ ես այդ դրամատուրգին չեմ հարցնելու, ես անգամ չգիտեմ՝ նա ով է: Նա այժմ հայտնի է դառնում, ես նրան շնորհավորում եմ: Թող գոնե մի շիշ կոնյակ ինձ նվիրի դրա համար»,- ասել էր երգիչը: 

 

1news.az կայքին տված հարցազրույցում Պավլիաշվիլին պատմել է Բաքվի իր հիշողությունների մասին՝ հարցերին պատասխանելով «կովկասցիներին բնորոշ պարզությամբ և անկեղծությամբ»:

 

Երգիչը պատմել է Բաքվի հետ իր առաջին ծանոթության, իր համերգների և բաքվեցի ընկերների մասին:

«Ի՞նչ է ինձ համար Բաքուն: Դա իմ ընկերներն են, իմ բաքվեցի ընկերները, որոնք աշխարհի տարբեր անկյուններում են՝ Իսրայելում, Ռուսաստանում: Նրանք տարբեր ազգությունների և կրոնների են պատկանում՝ ադրբեջանցիներ, հրեաներ, հայեր, ռուսներ, նրանք բոլորը բաքվեցիներ են: Եվ Բաքուն ես սիրեցի, դա դեռ 1990-1991 թվականն էր, բաքվեցի հայերի շնորհիվ, որոնք երկրպագում, կարոտում, շատ սիրում, հպարտանում և երգում էին Բաքվի մասին: Դա ինձ այդ ժամանակ շատ ցնցեց: Նրանք շատ ջերմ էին արտահայտվում, և ընդհանրապես բոլոր ազգությունները, որոնք ապրում էին Բաքվում»,- ասել է երգիչը:

 

Սոսո Պավլիաշվիլին անդրադարձել է նաև իր հասցեին հնչած քննադատությանը:

 

Նրա խոսքով՝ մարդիկ, ում հետ նա ծանոթ է, կարող էին իր հետ հարաբերությունները պարզել անձամբ, այլ ոչ ինտերնետային կայքերի և թերթերի միջոցով: Պավլիաշվիլին կարծիք է հայտնել, որ խոսակցությունները և հրապարակումները համացանցում քաջությունն ու հայրենասիրությունն ապացուցելու ամենաարդյունավետ միջոցը չեն:

 

 

«Թբիլիսին, Բաքուն, Տաշքենդը, Երևանը, Ալմաթին, Օդեսան այն քաղաքներն են, որտեղ մենք ծնվել և դաստիարակվել ենք: Ինչու եմ ես միավորում այդ քաղաքները՝ դրանք միանման աշխարհայացք և ավանդույթներ ունեին»,- ասել է Պավլիաշվիլին:

 

Կայքը զրուցել է նաև Սոսո Պավլիաշվիլիի ընկերոջ՝ Բաքվում նրա համերգի կազմակերպիչ, երգիչ և գործարար Էմին Աղալարովի հետ, որը նշել է, որ գեղեցիկ չէ կոչ անել բոյկոտել մի մարդու համերգը, «ով խոսում է Ադրբեջանի նկատմամբ իր սիրո մասին»:

 

«Նրանք գիտեն, որ նա իմ հյուրն է, և միևնույն է՝ նման կոչեր են հնչեցնում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ հեշտ է վիրտուալ աշխարհում հայրենասեր լինել:

 

Նշենք, որ Սոսո Պավլիաշվիլիի համերգը Բաքվում տեղի է ունենալու նոյեմբերի 30-ին Հեյդար Ալիևի անվան պալատում: Համերգին հանդես են գալու նաև «А-Студио» խումբը և Վախթանգ Կիկաբիձեն:

 

Բաքուն սիրեցի բաքվեցի հայերի շնորհիվ. Սոսո Պավլիաշվիլին Բաքվում կայանալիք համերգի, այն բոյկոտելու կոչերի մասին (տեսանյութ)