Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանում նախատեսված համերգը չեղյալ է հայտարարվել՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործության պատճառով

15:35 • 26.10.16

Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանում «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում նոյեմբերի 13-ին կայանալիք Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի «Աղետ» խորագրով համերգը չեղյալ է հայտարարվել, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը՝ հղում տալով Գերմանիայի ԱԳՆ-ին:

 

Համերգի ծրագրում ընդգրկված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» ստեղծագործությունը, որի անունով էլ կոչվել է համերգը:

 

Գերմանիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ այդ օրը Գերմանիայի հյուպատոսարանի սրահներն ազատ չեն լինելու:

 

Մինչդեռ գերմանական լրատվամիջոցը գրում է, որ ԱԳՆ-ում այդ որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ տեղեկացել են, որ նվագախումբը համերգին հրավիրել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին, ինչպես նաև արտաքին գործերի և մշակույթի ու զբոսաշրջության նախարարներին:


Նշենք, որ ավելի վաղ Թուրքիան ի նշան բողոքի հրաժարվել էր «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին մասնակցությունից: Ծրագիրն ունի շուրջ 1 մլրդ 460 մլն եվրո բյուջե, որով աջակցում է Եվրոպայում 2014-2020թթ.-ին իրականացվող մշակութային տարբեր նախագծերին:

Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանում նախատեսված համերգը չեղյալ է հայտարարվել՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործության պատճառով