Հոլիվուդյան դերասան Քևին Քոսթները մոտ 4 մլն դոլարի հայց է ներկայացրել չինացիների դեմ
Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը՝ Քևին Քոսթները, 3.85 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել չինական պրոդյուսերական ընկերության դեմ, որը, աստղի պնդման համաձայն, օգտագործել է Քոսթների անունը ֆիլմի գովազդի համար, իսկ հետո առանց համապատասխան վճարի հեռացրել նրան նախագծից:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, խոսքը Kylin Pictures ընկերության ու դրա արտադրած Shanghai Sojourners կինոնկարի մասին է:
Քոսթների խոսքով՝ պրոդյուսերական ընկերությունն օգտագործել է իր անունը ֆիլմի գովազդի նպատակով, իսկ հետո նրան անսպասելիորեն հեռացրել նախագծից՝ առանց գումար վճարելու:
Kylin Pictures-ի և Քոսթներին պատկանող Treehouse Films պրոդյուսերական ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Քոսթներն ու իր գործընկեր Արմյան Բերնշտեյնը պետք է ստանային 3 մլն դոլար, ինչպես նաև հավելյալ գումար՝ ֆիլմի ստացած հասույթից:
Ըստ դերասանի՝ իր հնչեղ անվան շնորհիվ Kylin Pictures-ին հաջողվել է գրավել ներդրողների, ինչից հետո ընկերությունը Քոսթներին բացառել է նախագծից:










